ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ. ՍԴ դատավոր Դիլանյան
Իրավունք
10:44 24/09/2020
Հայաստան

ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ. ՍԴ դատավոր Դիլանյան

Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը չի ինքնաառաջադրվելու ՍԴ նախագահի պաշտոնի համար: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս պահին ՍԴ նախագահի որևէ թեկնածու չկա:

«Այս պահին դեռ որեւէ թեկնածու չկա, մենք դեռ չենք հասել առաջադրման կամ ինքնառաջադրման փուլին»,- նշեց ՍԴ դատավորը:

Հարցին, որ ըստ մամուլի, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սցենարով հենց Դուք եք լինելու ՍԴ նախագահը, և հիմնական պայքարը ձեր և Խունդկարյանի միջև է, Ա. Դիլանյանն ասաց. «Իսկ ով ասաց՝ Վահե Գրիգորյանի սցենարով, էլի ՍԴ-ի աղբյուրներն են փոխանցո՞ւմ: Այն աղբյուրները, ըստ որոնց ես ամեն օր կառավարություն եմ գնում և այնտեղից ցուցումներ եմ ստանո՞ւմ: Այդպիսի հերյուրանքների մի հավատացեք»:

Հարցին, թե ինքը չի՞ ուզում ղեկավարել ՍԴ-ն, Արման Դիլնյանն ասաց. «Ես ձեզ անկեղծ ասեմ, առանց որևէ փարիսեցիության, կարծում եմ, որ ՍԴ դատավորի պաշտոնը իրավաբանների համար ամենալավ պաշտոնն է իրենց մասնագիտական հմտությունները դրսևորելու համար: Ես ինձ շատ լավ եմ զգում այդ պաշտոնում և հուսով եմ, որ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել:

Իմ կարծիքով, ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ: Թե ինչպես հետո կզարգանան իրադարձությունները, չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ՝ շատ դժվար է համատեղել ՍԴ դատավորի մասնագիտական աշխատանքը, որը մեծ պատասխանատվութուն է ենթադրում, հսկայական ժամանակ խլում քեզանից, համատեղել  ՍԴ նախագահի պաշտոնի հետ, որը ենթադրում է ներկայացուցչական, վարչաան կազմակերպչական գործառույթներ: Շատ ավելի կոմֆորտնի է Սահմանադրական դատարանում աշխատել որպես ՍԴ դատավոր»:

Հարցին՝ ձեր կարծիքով ՍԴ-ում ճգնաժամ կա՞ր, Ա. Դիլանյանն ասաց. «Եկեք առաջ նայեք, բավական է հետ նայենք, մտածենք՝ ինչ է եղել, ինչու է այսպես եղել: Եկեք  բոլորս մեր մտքները կազմակերպենք՝ ուղղելով դեպի լավ ապագա»: 

Երեկ  Սահմանադրական դատարանում կայացել է  աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: Սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստը չէր ավարտվել: Այն կշարունակվի նաև այսօր:
ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:Քվեարկությունը փակ է։

 

Placeholder
ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ. ՍԴ դատավոր Դիլանյան