Ուսուցիչների մոտ հայտնաբերված կորոնավիրուսի դրական դեպքերը մոտավորապես 1.5 տոկոս են. Լուսինե Պարոնյան
Առողջություն
14:03 25/09/2020
Հայաստան

Ուսուցիչների մոտ հայտնաբերված կորոնավիրուսի դրական դեպքերը մոտավորապես 1.5 տոկոս են. Լուսինե Պարոնյան

«Ուսուցիչների մոտ հայտնաբերված դրական դեպքերը մոտավորապես 1.5 տոկոս են»,- այսօր ասուլիսում հայտարարեց  ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Նա նպատակային գնահատեց թեստավորման միջոցառումը, և նկատեց, որ անգամ 1.5 տոկոսի հայտնաբերումը էականորեն կանխարգելում է վարակի տարածումը:

Պարոնյանի խոսքով, բոլոր հայտնաբերվածները հիմնականում առանց ախտանիշի դեպքեր են եղել և դրանով կանխվել են դպրոցներից վարակը տուն տանելու և մեծահասակներին վարակելու դեպքերը:

Լրագրողը ներկայացրեց դեպքեր, երբ այդ թեստավորումների ժամանակ դրական արդյունք ստացած ուսուցիչները իրենց միջոցներով կրկնակի վճարովի թեստավորում են անցել և նրանց մոտ եղել են բացասական արդյունքներ, բայց այդ վիճակով էլ ստիպված գնացել են մեկուսացման:

«Վերջին օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատոր կենտրոնն անցել է որակի արտաքին հսկողություն և կույր պատվաստուկների հետազոտման միջոցով 100 տոկոսանոց ճշգրտության արդյունք է տվել»,- հավաստիացրեց Լուսինե Պարոնյանը:

Վերջինս պնդեց, որ իրենց լաբորատոր կարողությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և ԱՀԿ-ն, այդ որակի գնահատման ցանկում, այլ երկրների թվում նաև հրապարակել էր Հայաստանի անունը:

Կենտրոնի պաշտոնյան հայտնեց, որ ուսուցիչների և դպրոցների անձնակազմի թեստավորումը սկսվել է սեպտեմբերի 7-8-ից և, նկատի ունենալով դրանց մեծ ծավալը, հնարավոր չի եղել ամբողջ գործընթացը միանգամից անել: Այս պահին թեստավորվել են դպրոցական անձնակազմի կեսից ավելին և հոկտեմբերի առաջին տասնօրյակում միայն կավարտվի այդ գործընթացը:

«Եթե ուսուցչի մոտ չի հայտնաբերվում վիրուս, ապա այն ոչինչ չի նշանակում: Այսօր չի հայտնաբերվել, բայց կարող է ամեն վայրկյան վարակվել»,- հայտնեց Լուսինե Պարոնյանը և շեշտեց, որ վերջին շրջանում գրանցվել է վարակի դեպքերի թվի աճ, որը բացատրվում է բնակչության կողմից սահմանափակումների պահանջների կատարման թուլացման հետ:

Բժիշկ-համաճարակաբանի խոսքով, քանի որ արդեն օդակաթիլային վարակման սեզոնն է՝ սպասելի էր, որ կորոնավիրուսային հիվանդության վարակման թվերը պետք է բարձրանային:

Placeholder