«Ծառուկյանից պետք է չվախենալ». Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
13:45 25/09/2020
Հայաստան

«Ծառուկյանից պետք է չվախենալ». Գագիկ Ծառուկյան

«Ինչը անում ես հանուն ազգի, պետության, ժողովորդի, դա ինձ համար հպարտություն է,  պատմություն է: Ծառուկյանին ձերբակալելով՝ խնդրի լուծում չէ, Ծառուկյանից պետք է չվախենալ»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ այսօր իր  նկատմամբ քաղաքական հետպանդում է իրականացվում  հունիսի 5-ի հայտարարությունից հետո, երբ ասել է՝ կան խնդիրներ, նաև առաջարկել է լուծումներ:

ԲՀԿ ղեկավարի խոսքով,  հեղափոխությունը եղել է միայն դատարկ խոստումներ, իսկ այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել երկրում, մարդկանց վիճակը գնալով վատանում է:

Գ.Ծառուկյանի խոսքով, 2008 թվականից ընտրակաշառքի 7 դեպք է եղել, ստորագությամբ ազատ են արձակվել:

«Երկրորդ քաղաքական ուժի ղեկավարին ձերբակալում են միայն նրա համար, որ քննությանը չխոչընդոտեմ: Երեք ամիս է դրսում եմ, 100 քննիչ է կցված գործին, մի քանի հազար մարդ են քննել, Ծառուկյանի վրա ցուցմունք չկա»,- նշեց նա:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի ղեկավարությամբ, քննվում է  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժեց փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարեց՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։

Placeholder
«Ծառուկյանից պետք է չվախենալ». Գագիկ Ծառուկյան