Ձևավորվում է մի իրողություն, որ ստեղծվում են հակաթուրքական դաշինքներ. Արաբագետ
Քաղաքական
12:34 26/09/2020
Հայաստան

Ձևավորվում է մի իրողություն, որ ստեղծվում են հակաթուրքական դաշինքներ. Արաբագետ

«Միջերկրածովյան ավազանում նոր աշխարհակարգի ձևավորման սաղմեր ենք տեսնում, մասնաբաժին ունեն տարածաշրջանային և  գլոբալ ուժային կենտրոններ»,- ասուլիսում ասաց ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Նա նշեց, որ սրա մաս է կազմում նաև ներկայիս Թուրքիան,  հավակնոտ  ծրագրերով փորձում է նաև իրենց նեոօսմանական գաղափարները կյանքի կոչել նաև այս հատվածում։

«Բացառել, որ Թուրքիան կարող է գնալ անսպասելի լուծումների, իհարկե, չարժե։ Շատ լավ հասկանում ենք, թե ինչպիսի հարևանի հետ գործ ունենք»,- ասաց Ս. Գրիգորյանը։

Ասուլիսին ներկա ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ պ.գ.թ., դոցենտ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը համաձայնվեց Ս.Գրիգորյանի հետ, որ այն, ինչ տեղի է ունենում, պարզապես էնեգակիրների խնդիր չէ, Թուրքիան լիովին վերանայում է իր ռազմավարությունը։

«Ռազմավարական տարաբնույթի փաստաթղթերը, կարծում եմ, Թուրքիան առաջիկայում  կվերանայվեն, քանի որ  ներկայիս ամբիցիաները չեն համապատասխանում այն ռազմավարական փաստաթղթերին, որոնք առաջ է մղում Թուրքիան»,- ասաց Վ.Պետրոսյանը։

Նա ընդգծեց, որ Թուրքիայի  ներկայիս ամբիցիաներն անհանգստացնում են ռեգիոնալ բոլոր տերություններին և հակաթուրքական ալյանսի գաղափարն, ըստ էության, նոր չէ։

Սարգիս Գրիգորյանի խոսքով, Հայաստանը պետք է նպատակաուղղված  ակտիվություն դրսևորի։

«Վերջին շրջանում նկատելի է հատապես արտգործնախարարի և պատվիրակության այցը Եգիպտոս, որը նախ ամենամեծ արաբական երկիրն է աշխարհում, ստրատեգիական առումով շատ կարևոր աշխարհաքաղաքական դիրքով, շատ մեծ հնարավորություններով։
Մեր ուղղվածությունը Մերձավոր Արևելյան, մասնավորապես նախարարի այցը Եգիպտոս խոսում է  այն մասին, որ  որոշակի մոտեցումներ են փոխվում,  ինչը ողջունելի է։ Կարծում եմ՝ պետք է շարունակել, ջանքերը կրկնապատկել, ձևավորվում է  մի իրողություն, որ մեզ համար միշտ բացասական հարևանի կողմից վարվող  քաղաքականության արդյունքում ձևավորվում են հակաթուրքական դաշինքներ։ Մեր անելիքը, ասելիքը պետք է հստակ գիտակցենք, մեր ակտիվությամբ փորձենք  հայաստանյան իրողությունների մասին լսելի դարձնել մեր համախոհներին, դաշնակիցներին»,- ասաց նա։

Վ. Պետրոսյանն ասաց, որ Հայաստանն ունի հաղթաթղթեր, որոնք հաճախ չեն օգտագործում․ «Այս գիտակցումն ու միաժամանակյա օգտագործումը կարող է բերել իր արդյունքը»։

 

Placeholder
Ձևավորվում է մի իրողություն, որ ստեղծվում են հակաթուրքական դաշինքներ. Արաբագետ