Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Արցախի Հանրապետություն
18:02 27/09/2020
Հայաստան

Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը. Նիկոլ Փաշինյան

«Սա ըստ էության Արբեջանի փորձն է Արցախի  հարցը լուծել ռազմական ճանապարհով և Արցախի տարածքը օկուպացնել, սա ագրեսիայի գործողություն է»,- իրավունքի ուժով հրավիրված ԱԺ նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը պատգամավորներին տեղեկացրեց, որ առավոտյան 7:15-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել ՀՀ պաշտպանության բանակի բոլոր դիրքերի ուղղությամբ: Նրա խոսքով, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք և այդ պատճառով  ՀՀ կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

«Այս պահի դրությամբ իրականացվում է առաջին շարակարգի մասնակի զորահավաք, բայց մենք որոշել ենք այդպիսի որոշում ընդունել, որպեսզի իրավիճակի զարգացմանը օպերատիվ արձագանքելու հնարավորություն ունենանք»,- հայտնեց Նիկոլ Փաշինանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ Արցախի Պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով, հատկապես  հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում մարտեր  է մղում և իրադրությունը լարված է:

Վարչապետը ցավով նշեց, որ կան զոհեր և քանի որ թիրախավորվել էին քաղաքացիական ենթակառուցվածները, ապա զոհեր կան նաև  քաղաքացիական բնակչության շրջանում: Նրա խոսքով, հարված է հասցվել, նաև  այլ բնակավայրերին:

«Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ կանգնեցնելու Ադրբեջանի հարձակումը և ագրեսիան»,- հայտնեց վարչապետը:

Նա նկատեց, որ այս պահին ֆիքսված որևէ իրավիճակ չկա, իրավիճակը գտնվում է  զարգացման մեջ:

«Մեր զինվորականներն ասում են, որ իրավիճակի գնահատականը հետևյալն է, որ լարված է իրավիճակը, բայց առայժմ ամբողջական գնահատական տալու համար վաղ է»,- հայտնեց վարչապետը:

Նրա խոսքով, տեղի ունենցածի մեջ ռազմավարական իմաստով անսպասելի որևէ բան չկա:

Placeholder