Մարտակերտ քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով զոհվածները երկու կին և մեկ տղամարդ են
Իրավունք
17:32 30/09/2020
ԼՂՀ

Մարտակերտ քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով զոհվածները երկու կին և մեկ տղամարդ են

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տարածել է հայտարարության, որում ասված է. «Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություն է ստացել, որ նույն օրը ադրբեջանական զինված ուժերի կողմից Մարտակերտ քաղաքի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով երեք քաղաքացիական անձ է զոհվել՝ երկու կին և մեկ տղամարդ, իսկ մեկը՝ վիրավորվել է: Զոհվածների և վիրավորի ինքնությունը ճշտվում է:

Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների նպատակային ու շարունակական թիրախավորումը, ինչը քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցնում է մարդկային ու գույքային լրջագույն կորուստների: Պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ ոչ խտրական ու միտումնավոր կերպով կրակ վարելով քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական զինված ուժերի գործողություններին և կիրառել իրենց ողջ գործիքակազմը Արցախի Հանրապետության բնակչության իրավունքների լայնամասշտաբ ու վայրագ ոտնահարումները կանխելու նպատակով»:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

 

Placeholder
Մարտակերտ քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով զոհվածները երկու կին և մեկ տղամարդ են