Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի. ՄԻՊ-ը՝  Ադրբեջան տեղափոխված  վարձկանների մասին
Իրավունք
16:09 30/09/2020
Հայաստան

Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի. ՄԻՊ-ը՝ Ադրբեջան տեղափոխված վարձկանների մասին

«Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների»,- նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպություններ: Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում են նաև Արցախի աղբյուրներով:

«Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ դաժանություններով ու ավերածություններով:

Պետք է հաշվի առնել, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմաօդային ու հրետանային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ լայնածավալ ատելության խոսքով ու բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով:

Դրանից բացի, Արցախի ու արդեն Հայաստանի նկատմամբ առանց տարբերակման (indiscriminate) հրետակոծություններով թիրախավորված են նաև խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհները, գազատարները, կապի միջոցները և այլն: Այս բոլորը մեկ շղթայի տարբեր մասեր են:

Սարսափելի է նույնիսկ պատկերացնել մարդկության դեմ ուղղված ու ռազմական այն հանցագործությունները, որ կարող են տեղի ունենալ այս զարգացումների պայմաններում:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:

Ուստի, միջազգային հանրությունը ու հենց առաջին հերթին մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն:

Անհրաժեշտ է ամեն ինչ անել կանխելու համար այսօր տեղի ունեցող պատերազմական գործողությունները ու դա պետք է անել ոչ թե ձևական կոչերով, այլ իրական քայլերով:

Միջազգային հանրությունը, այն էլ մարդու իրավունքների հարցերով կառույցները չունեն իրավունք անտեսելու այս ամենը՝ թաքնվելով «քաղաքական» պատրվակների տակ կամ արդարանալով սեփական մանդատների «անզորությամբ»»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Նա նաև տեղադրել է արևմտյան ու արևելյան միջազգային լրատվամիջոցների մի քանի հղումներ՝

www..reuters.com

www.alarabiya.net

 

Placeholder
Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի. ՄԻՊ-ը՝ Ադրբեջան տեղափոխված վարձկանների մասին