Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը վկայում է տարբերակում չդնելու մասին. ՄԻՊ
Իրավունք
16:56 01/10/2020
Հայաստան

Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը վկայում է տարբերակում չդնելու մասին. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։

«Ըստ այս պահի հրապարակված տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «Le Monde» (Le Monde) պարբերականի 2 լրագրող, «24News․am»-ի (24News.am) լրագրողը և «ArmeniaTV»-ի (Armeniatv) օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախային կրակի տակ։

Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (Agence France-Presse) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետևանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում:

Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուսոտվ, լրագրողական տարբերանշանով: «PRESS» տարբերանշան է ունեցել նաև հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան:

Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող (indiscriminate), քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին: Լրագրողների դեպքում դա առավել ևս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո: Լրագրողական աշխատանքը պատերազմական կամ զինված հարձակումների ժամանակ հատուկ կարևորություն է ստանում՝ լինելով երաշխիք ոչ միայն աշխարհին իրական վիճակի մասին տեղեկություններ փոխանցելու, այլ նաև քաղաքացիական անձանց պաշտպանության հարցերում»,-նշված է ՄԻՊ հայտարարության մեջ:

 

Placeholder