Զորակցության քայլերթ՝ Ջավախքում
Տարածաշրջան
16:56 03/10/2020
Տարածաշրջան

Զորակցության քայլերթ՝ Ջավախքում

Ջավախքի Բարալեթ գյուղի երիտասարդությունը զորակցության քայլերթ և մոմավառություն է իրականացրել՝ սահմանին կռիվ տվող հայ զինվորի համար: Jnews-ի հաղորդմամբ, երիտասարդները Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից ոտքով քայլել են դեպի Սուրբ Հովհաննես սրբավայր՝ մոմ են վառել, աղոթել, և ի նշան հայի միասնականության՝ շուրջպար բռնել:

Քայլերթին մասնակցած երիտասարդներից մեկն ասել է. «Սա ոգեկոչման քայլերթ էր: Հայկական եկեղեցուց քայլեցինք մինչև Սուրբ Հովհաննես սրբատեղի: Մենք վստահ ենք հայ զինվորի ու Արցախի հաղթանակին: Վստահ ենք, որ հայ զինվորն անպարտելի է, և անհրաժեշտության դեպքում մենք կմիանաք հայրենիքի կանչին»:

Այս օրերին Ջավախքի տարբեր անկյուններում բազմապիսի միջոցառումներ են իրականացվում՝ դրամահավաք, սննդի հավաքագրում, մոմավառություն և այլն:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

 

 

Placeholder
Զորակցության քայլերթ՝ Ջավախքում