Թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած. Արցախի նախագահ
Քաղաքական
14:38 03/10/2020
ԼՂՀ

Թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է.  «Հարգելի՛ հայրենակիցներ

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։

Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։

Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»։ 

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր վաղ առավոտյան ուղերձով դիմել էր գերենալներին, սպաներին, սերժանտներին, զինվորներին, զինակից ընկերներին ու կամավորներին՝ մասնավորապես նշելով.

«Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու և արարելու իրավունքը:

Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:
Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Placeholder
Թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած. Արցախի նախագահ