Ադրբեջանը խախտում է պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները. ՊԲ ներկայացուցիչ
Քաղաքական
12:36 03/10/2020

Ադրբեջանը խախտում է պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները. ՊԲ ներկայացուցիչ

«Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկարությամբ։ Մարտական գործողությունները հատկապես ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով»,- ասուլիսում ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։

Նրա խոսքով, հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի։

«Պաշտպանության բանակի մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում։ Հակառակորդին պատճառված է կենդանի ուժի, տեխնիկայի մեծ կորուստներ, որոնց թիվը ճշտվում է»,- նշեց Սուրեն Սարումյանը։

ՊԲ ներկայացուցչի խոսքով, հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող բնակավայրերը։

«Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին»,- ասաց Սուրեն Սարումյանը։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Placeholder
Ադրբեջանը խախտում է պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները. ՊԲ ներկայացուցիչ