Նիկոլա Ազնավուրի կոչը պետություններին՝ հաստատուն կոչով կանգնել փոքր և համարձակ ազգի կողքին, որը միայնակ պայքարում է ահաբեկչության դեմ
Քաղաքական
11:05 05/10/2020
Հայաստան

Նիկոլա Ազնավուրի կոչը պետություններին՝ հաստատուն կոչով կանգնել փոքր և համարձակ ազգի կողքին, որը միայնակ պայքարում է ահաբեկչության դեմ

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը հանդես է եկել բաց նամակով։ Այս մասին գրում է Nouvelles d'Arménie-ն։

«Վերջին յոթ օրերը դժվար, ողբերգական, ծանր, բայց հույսով և ապրելու ցանկությամբ լի էին: Մենք արթնանում ենք այն հույսով, որ պատերազմն ավարտված է, և  քնում ենք՝ հուսալով, որ ռազմական գործողությունների վերջին օրն է:

Ինչպես հայրս՝ Շառլ Ազնավուրը, սիրում էր կրկնել, նա 100%-ով հայ էր և 100%-ով ֆրանսիացի:
Հայաստանը և նրա ճակատագիրը միշտ կարևոր են եղել մեր ընտանիքի համար, ինչն էլ հանգեցրեց իմ որոշմանը՝ միանալու  հորս՝ «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման գործին: Եթե ​​հայրս իրեն համարում էր միաժամանակ  և՛ հայ, և՛ ֆրանսիացի, ես ավելի շատ ինքնություններ ունեմ, որոնք   կերտել են ինձ: Իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, և այս բոլոր երկրները, յուրաքանչյուրն իր հերթին, ինձ տվել է կրթություն, հնարավորություններ, փորձ, ընկերներ, ընտանիքի անդամներ:       

Այսօր ես դիմում եմ այդ պետություններին, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներին հաստատուն կոչով` կանգնել  փոքր և համարձակ ազգի կողքին, որը միայնակ պայքարում է ահաբեկչության դեմ:

Իմ նախնիները 100 տարի առաջ վերապրեցին Հայոց ցեղասպանությունը, բայց այսօր Թուրքիան ցանկանում է հերթական վայրագությունը իրագործել Ադրբեջանի և ահաբեկչական վարձկանների ձեռքով: Ագրեսորներն օգտագործում են արգելված զինամթերք և թիրախավորում են խաղաղ բնակիչներին, անմեղ երեխաներին և լրագրողներին:

Կարծում եմ, որ ոչ միայն հայերը, այլ ողջ մարդկությունն է վտանգի տակ, այդ պատճառով երկրները, որոնք բանաձևեր և խաղաղության կոնվենցիաներ են ստորագրել, պետք է բարձրաձայնեն և դադարեցնեն արյունահեղությունն ու բռնությունները:

21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհն ընդունում է, որ մարդկային կյանքերից ավելի կարևոր բան չկա, բայց այսօր հայ ազգը ստիպված է պաշտպանել գոյության իր իրավունքը՝ առանց մարդու իրավունքների և համաշխարհային խաղաղությունը խթանողների օգնության և աջակցության:

«Ազնավուր» հիմնադրամը կանգնած է հայ ժողովրդի կողքին: Մենք կենտրոնացրել ենք մեր ուժերը՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար և պատրաստ ենք աջակցել  մեր  հնարավորությունների սահմաններում։

Չնայած հայերը ցրված են աշխարհով մեկ, մենք միավորված ազգ և ժողովուրդ ենք, և միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները:

Նիկոլա Ազնավուր, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ»,-ասվում է նամակում։

Placeholder
Նիկոլա Ազնավուրի կոչը պետություններին՝ հաստատուն կոչով կանգնել փոքր և համարձակ ազգի կողքին, որը միայնակ պայքարում է ահաբեկչության դեմ