Փոխվարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին
Քաղաքական
19:52 07/10/2020
Հայաստան

Փոխվարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին և ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (նախարարներին):Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և վերջին զարգացումները՝ ընդգծելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հանձինս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Երևանում միջկառավարական խորհրդի նիստը կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Երևանում ս.թ. հոկտեմբերի 9-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցերին: 

Placeholder
Փոխվարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին