Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստեփանակերտը լքել են հիմնականում հիվանդները, տարեցները, երեխաները. փոխքաղաքապետ
«Այսօրվա դրությամբ ուսումնասիրվում են Ստեփանակերտի ավերածություններն ու կրած վնասների աստիճանը։ Ստեփանակերտում այսօր իրենց հունով շարունակում են աշխատել բոլոր ենթակառուցվածքները, խուճապ չկա»,- ասուլիսում ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:
Նա նշեց, որ եթե տապալվում է որևէ ենթակառուցվածք, ապա մասնագետները տեղում փորձում են վերացնել բոլոր վնասները և ապահովել քաղաքի բնականոն կյանքը։ Փոխքաղաքապետը հայտնեց, որ էլեկտրականության հետ կապված խափանումները վերացել են, այս պահին աշխատանքները տարվում են, առաջիկա օրերին Ստեփանակերտում անջատումներ չեն լինի։ Ջրամատակարարումն աշխատում է շուրջօրյա, գազանջատումը պայմանավորված է անվտանգության նկատառումով:
Սուրեն Թամրազյանն ասաց, որ ամեն առավոտ քաղաքը մաքրվում է ինչպես խաղաղ ժամանակ. «Վաղ առավոտյան ռումբերի տակ դուրս են գալիս սանմաքրման աշխատողներն ու քաղաքը բերում այն վիճակի, որը պետք է լինի խաղաղ ժամանակ»:
Ստեփանակերտի փոխքաղաքապետը նշեց, որ ունեին ապաստարաններ, որոնք այս օրերի համար պատրաստ են եղել։ Քաղաքապետարանը հայտարարել է թեժ գիծ՝ (0479 41274), որով քաղաքացիները քաղաքապետարանի աշխատակիցներին կարող են դիմել: Օրվա առաջին կեսին ընդունում են զանգերը, երկրորդ կեսին ավագանու անդամները, կամավորները, փորձում են պատսպարված ժողովրդին հասցնել ամենաանհրաժեշտը:
Հարցին՝ թե ի՞նչ կարիք կա ամենաշատը, Ս. Թամրազյանն ասաց, որ ժողովրդին ապահովում են սնունդով, տաք հագուստով, անհրաժեշտ հիգիենայի պարագաներով:
Սուրեն Թամրազյանն ասաց, որ ներկա պահին Ստեփանակերտը լքել է բնակչության 30-40 տոկոսը, հիմնականում հիվանդները, տարեցները, երեխաները: Նաև Ստեփանակերտ են եկել այն շրջանների բնակիչներ, որտեղ այս պահին պատերազմ է:
Ստեփանակերտում մոտ մեկ տասնյակ բնակելի տներ կամ բազմաբնակարան շենքեր են վնասվել։ Տուժել են Ղարաբաղ Տելեկոմի վարչական շենքը և ենթակառուցվածքները, սակայն կապը անխափան է եղել։