Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արձագանքելով Տաշիրի Կաթնառատ գյուղից աղիքային սուր վարակ ախտորոշմամբ Ստեփանավանի բժշկական կենտրոն մի շարք քաղաքացիների հոսպիտալացումների ահազանգին՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ մարզային աշխատանքային այցի ընթացքում Ավագյանն անձամբ է ծանոթացել խնդրահարույց ջրամատակարարմանն առնչվող հարցերին, ԱԱՏՄ մասնագետները զեկուցել են ձեռնարկված քայլերի ընթացքը։
Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր՝ ժամանակավորապես դադարեցնել տվյալ համայնքի ջրամատակարարումը, հարուցվել է վարչական վարույթ, ընթանում է գործի զննում։
Որպես հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույց՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ձեռնարկել է Կաթնառատ համայնքի բնակչությանն անվտանգ ջրով ապահովելու միջոցառումներ։
ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի նորանշանակ ղեկավար Արման Ոսկանյանն այցելել է Ստեփանավանի ԲԿ՝ վերջինիս տնօրեն Մեսրոպ Հազրոյանի ուղեկցությամբ տեսակցելու աղեստամոքսային խանգարումներով այստեղ տեղափոխված հիվանդներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հոկտեմբերի 6-ին հաղորդում է ստացել, որ Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղից 6 քաղաքացի հոսպիտալացվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն սուր աղիքային վարակ ախտորոշմամբ՝ ընդհանուր թուլություն, լուծ, բարձր ջերմություն 380C) ախտանշաններով: Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում հոկտեմբերի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է ևս 33 դեպք, պարզվել է նաև, որ բոլորը նույն թաղամասից են և օգտագործել են նույն թաղամասի մակերեսային աղբյուրի ջուրը:
Ընդհանուր դեպքերի թիվը հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00 դրությամբ կազմում է 39, որոնցից 32-ը հոսպիտալացված է Ստեփանավանի, իսկ 7-ը՝ Վանաձորի բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մանրէաբանական հետազոտության նպատակով վերցվել են նմուշներ` ինչպես պացիենտներից, այնպես էլ մակերեսային աղբյուրի ջրից: Առաջին օրվա 6 պացիենտից վերցված նմուշների մանրէաբանական լաբորատոր հետազոտության արդյունքներով` 5-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ: Մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են: