ՊԲ. Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հրադադարի ռեժիմը, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ
Քաղաքական
15:42 11/10/2020
ԼՂՀ

ՊԲ. Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հրադադարի ռեժիմը, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ

Հոկտոմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։ 

«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ»,- նշված է հաղորդագրության մեջ։  

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Հանդիպումից հետո արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

 

Placeholder
ՊԲ. Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հրադադարի ռեժիմը, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ