Արցախը  պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել Ադրբեջանի՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման դեպքում
Քաղաքական
16:00 12/10/2020
ԼՂՀ

Արցախը պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել Ադրբեջանի՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման դեպքում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է. «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը, ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում հայտարարության մեջ նշված մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից բոլոր ստորաբաժանումներին հրաման է տրված 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝  ժամը՝ 12։00-ին դադարեցնելու ռազմական գործողությունները։

Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում անցել է նախապատրաստական աշխատանքների և ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման և շփման գծում իրավիճակի կայունության դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը, Շուշին: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան երկու տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Հանդիպումից հետո արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

 

Placeholder
Արցախը պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել Ադրբեջանի՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման դեպքում