Ժոզեպ Բորել․ ԵՄ-ն ծայրաստիճան անհանգստացած է ռազմական գործողությունների շարունակման մասին հաղորդագրություններով
Քաղաքական
10:30 12/10/2020
Տարածաշրջան

Ժոզեպ Բորել․ ԵՄ-ն ծայրաստիճան անհանգստացած է ռազմական գործողությունների շարունակման մասին հաղորդագրություններով

ԵՄ-ն ողջունում է հոկտեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի մասին: Այս մասին ասվում է նախօրեի երեկոյան Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԵՄ-ն կողմերին հորդորում է խստորեն պահպանել այս համաձայնագիրը և կոչ է անում բոլոր դերակատարներին, ներառյալ արտաքին կողմերին, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա զոհերի:

«Այս առումով, մենք ծայրաստիճան անհանգստացած ենք ռազմական գործողությունների շարունակման մասին հաղորդագրություններով, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների դեմ, ինչպես նաև քաղաքացիական կորուստների մասին, և կողմերին հորդորում ենք ապահովել համաձայնության լիակատար հարգումը տեղում:

ԵՄ-ն կողմերին կոչ է անում առանց հապաղելու առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ առանց նախապայմանների և համաձայնեցված սկզբունքների հիման վրա:

ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին` հակամարտությանը բանակցային քաղաքական լուծում գտնելու հարցում և կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Placeholder
Ժոզեպ Բորել․ ԵՄ-ն ծայրաստիճան անհանգստացած է ռազմական գործողությունների շարունակման մասին հաղորդագրություններով