Խելագարվելը դատարկ բան է թվում` լաց լինելու պես հեշտ ու լաց լինելու պես իզուր. Հովիկ Չարխչյան
Մշակույթ
21:22 13/10/2020
Հայաստան

Խելագարվելը դատարկ բան է թվում` լաց լինելու պես հեշտ ու լաց լինելու պես իզուր. Հովիկ Չարխչյան

Հայ գրականագետ, գրող Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«- Մշո սուլթան սուրբ Կարապետ... - Հյուսիսային պողոտայում տատանվում է երգչի խզված ձայնը...

- Հատապտուղներով թեյը տա՞ք, թե՞ սառը,- Կասկադում հարցնում է մատուցողը` ձեռքը սահեցնելով ցուցանակի եզրին, որի վրա կավիճով գրված է. «Հաղթելու ենք»...

- Օֆիսում էսօր մահճակալներ դրեցինք Արցախից եկողների համար,- պատմում է ընկերս...

- Առավոտը ութն անց կես մարդ եմ տարել Եռաբլուր` ինքնահողի,- ասում է խցանումի մեջ ձանձրացող տաքսու վարորդը...

- Էն խաղալիքից եմ ուզում,- թնկթնկում է զբոսայգում վազվզող երեխան, ու աշխարհը պտտվում, պտտվում, պտտվում է կանգ չառնելու խոստումով, ու խելագարվելը դատարկ բան է թվում` լաց լինելու պես հեշտ ու լաց լինելու պես իզուր»։

Placeholder