Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը
Մշակույթ
09:00 18/10/2020
Հայաստան

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

Երեկ 70 տարեկանում մահացել է  ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը։ 

«Կյանքից հեռացավ հրաշալի մի մարդ, իր գործի բացառիկ նվիրյալ, նուրբ մտքի և հումորի, խորքային դիտողականության տեր արտիստը: Բոլորովին վերջերս, Գ.Սունդուկյանի անվ. թատրոնի «Դեկամերոն» ներկայացման առաջնախաղից հետո առիթ եղավ երկար զրուցելու իր հետ. զվարճախոսության ու անսպառ սրամտության ժամեր էին իր և Արմեն Էլբակյանի «առաջատարությամբ»: Ավաղ, մարդկային մեր բացահայտումերը միշտ ուշացած են... Խոնարհումս Ձեր լուսավոր կերպարի և հիշատակի առջև: Հանգչեք խաղաղությամբ, վաստակավոր արտիստ, մեր սիրելի Վանիկ Մկրտչյան...»,- ֆեյսբուքյան էջում գրել է  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ 

Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950թ., Արթիկում: 1978 թվականից աշխատել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, միաժամանակ՝ 2008 թվականից` Երևանի պետական Համազգային թատրոնում: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Մասնակցություն է ունեցել նաև տարբեր հեռուստասերիալներում։ Թատրոնում խաղացել է՝  բանաստեղծ՝ «Մեծապատիվ մուրացկաններ», Հանիբալ՝ «Տարօրինակ միսիս Սևիջը», Քամիյ՝ «Կասկածը կնոջ սրտում», Պաղտասար՝ «Պաղտասար աղբար» և այլ ներկայացումներում։ 

Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում:

2011թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

 

Placeholder
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը