Հռչակավոր երաժիշտները միանում են «Համերգ Արցախի համար» միջոցառմանը
Մշակույթ
19:15 22/10/2020
Հայաստան

Հռչակավոր երաժիշտները միանում են «Համերգ Արցախի համար» միջոցառմանը

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) հպարտ են կազմակերպել «Համերգ Արցախի համար» համաշխարհային երաժշտական միջոցառումը, որը կբարձրացնի իրազեկությունն ու կհավաքի հանգանակություններ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և նրա ժողովրդի համար, ովքեր շարունակում են ենթարկվել Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների անխնա ռմբակոծություններին և հարձակումներին։ Այս մասին տեղեկացնում են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունից։

«Երբ պատերազմը սկսվեց, մեր պարտականությունն էր միավորել արվեստագետներին հանուն խաղաղության»,-ասել է ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստների բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը հավելելով․ 

«Այժմ աշխարհի տարբեր անկյուններից և հենց Արցախից լսվող այս հայ երաժիշտների ձայները կհասնեն միլիոնավոր մարդկանց և կտեղեկացնեն Արցախի խաղաղության պայքարի մասին»։

Համերգի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 26-ին, յություբյան և ֆեյսբուքյան ուղիղ եթերներում, որին կմասնակցեն «Capital Cities»-ի Սեպուհ Սիմոնյանը, «System of a Down»-ի Սերժ Թանգյանը, սոպրանո Նատալի Արոյանը, ջութակահար Արա Մալիքյանը, ջազ և ֆոլք երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, «Արցախի ձայներ»-ը, Արենի Աղբաբյանը, և ուրիշները։

«Համերգ Արցախի համար» միջոցառմանը մասնակցելու համար Creative Armenia-ի ֆեյսբուքյան միջոցառման մեջ սեղմեք «Going» և միացեք հոկտեմբերի 26-ին՝ Արցախի ժամանակով՝ 21:00-ին։

«Այս ժամանակաշրջանում արվեստագետների կոչն է դառնալ Արցախի համար ստեղծագործական ուժ։ Մենք հպարտ ենք հյուրընկալել մեր համաշխարհային երաժիշտներին, ովքեր կիրազեկեն, հանգանակություններ կհավաքեն և կբարձրացնեն Արցախի ոգին»,-նշել է Creative Armenia-ի ծրագրերի ղեկավար Անուշ Տեր-Խաչատրյանը։

 

 

Placeholder