Ներկայացվում են և´ հաջողությունները, և´ դժվարությունները. Արծրուն Հովհաննիսյան
Քաղաքական
23:16 24/10/2020
Հայաստան

Ներկայացվում են և´ հաջողությունները, և´ դժվարությունները. Արծրուն Հովհաննիսյան

 «Ես օրվա ընթացքում զանգեր, նամակներ եմ ստանում առաջնագծում գտնվող սպաներից, զինվորներից, ովքեր բարեբախտաբար շատ ժամանակ չունեն հետևելու լրատվադաշտին, համացանցին և հաճախ ծիծաղում են թե՝ ձեր մոտ այդ ինչ է կատարվում, մենք այստեղ մարտունակ, բարձր ոգով մեր մարտական խնդիրներն ենք կատարում, հաճախ տեսնում ենք, թե ինչ ծայրահեղ քննարկումներ են ձեր մոտ կատարվում»,- հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ պատերազմը դաժան է, շատ խիտ ու հագեցած՝ ուժերի և միջոցների տեսանկյունից: Ըստ Հովհաննիսյանի,  արագ և դինամիկ մարտական գործողություններ են ընթանում և խնդրեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը: ՊՆ ներկայացուցիչն հավաստիացրեց, որ պաշտոնապես ներկայացվում են և´ հաջողությունները, և´ դժվարությունները:

«Ոչ հաջողություններից պետք է  ծայրահեղ ոգևորություն ապրել  և ոչ էլ դժվարությունների ժամանակ պետք է մտածել, որ վիճակն անելանելի է»,-հորդորեց Հովհաննիսյանը և շեշտեց, որ հայկական զինված ուժերը և զորքը հստակ տիրապետում է իրավիճակին, մարտունակ է, բարձր բարոյական ոգի ունի:

Խոստման համաձայն, Հովհաննիսյանը ներկայացրեց ռազմաճակատի ինտերակտիվ քարտեզը և շեշտեց, որ այն ստատիկ  չէ, քանի որ մարտական գործողություններն օջախային են և արագ են փոփոխվում:

Նրա խոսքով, շատ տեղեր կարող են հայտնվել փոքր հետախուզադիվերսիոն խմբեր, կամ գրոհիչ առանձին հրոսակախումբ՝ զրահատեխնիակյով կամ փոքր թեթև տեխնիկայով, որը կկարողանա առաջ գնալ, և այն անմիջապես Ադրբեջանի ԶՈՒ կողմից ներկայացվի հաղթանակ, բայց հաջորդ օրը կամ մի քանի ժամ հետո հետ կշպրտվի:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե իրենք պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայկական կողմն առաջինը դադարեցնի՝ Արծրուն Հովհաննիսյանը նկատեց. «Որևէ զարմանալու բան չեմ տեսնում, որ հերթական անգամ սլաքներն ուղղում է մեր ուղղությամբ»:

Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ ադրբեջանական կողմը մի քանի անգամ հայկական զինուժի հագուստով է հարձակում գործել, նրանցից կան սպանվածները, բայց ավելին չի կարող ասել, քանի որ այն ռազմական գաղտնիք է:

Placeholder
Ներկայացվում են և´ հաջողությունները, և´ դժվարությունները. Արծրուն Հովհաննիսյան