Արցախի նախագահը հաստատել է հումանիտար հրադադարի պայմանները պահպանելու պատրաստակամությունը
Քաղաքական
08:09 26/10/2020
Հայաստան

Արցախի նախագահը հաստատել է հումանիտար հրադադարի պայմանները պահպանելու պատրաստակամությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.

«Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։

Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին»։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպել են  ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատել  իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության: Հումանիտար հրադադարն ուժի մեջ է մտել  2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

Placeholder
Արցախի նախագահը հաստատել է հումանիտար հրադադարի պայմանները պահպանելու պատրաստակամությունը