Շտապօգնության մեքենաներով բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» անցակետը. Թանանյան
Տարածաշրջան
15:12 26/10/2020
Տարածաշրջան

Շտապօգնության մեքենաներով բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» անցակետը. Թանանյան

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարներ։ Տեսանյութի մեջ մի տղամարդ հայտնում է, որ վրացական կողմը չի թողնում Ռուսաստանից եկող բեռնատարներն անցնեն իր տարածքով ու մեկնեն Հայաստան։

Sputnik Արմենիային ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը հայտնել է, որ շտապօգնության 4 մեքենաներով բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան։ 

«Բեռնատարներին սպասեցրել են, ամենայն հավանականությամբ, արարողակարգային հարցերի պատճառով։ Մեկ բեռնատար 4 ավտոմեքենաներով բաց են թողել, երկրորդ բեռնատարի հարցը քննարկվում է»,-ասել է Թանանյանը։

Aliq.ge գրում է, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն` շտապ օգնության մեքենաներն անցել են սահմանը, Վրաստանի կողմից որևէ արգելք չի եղել. «Ինչ վերաբերում է տեսանյութում երևացող կուտակումներին, դրանք ստեղծվել են հերթի պատճառով: Հերթում երկար մնալը տեսանյութում ներկայացված է որպես մուտքի արգելք»:

Panorama.am-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պարզել, թե ի՞նչն է եղել պատճառը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել խնդիրը հարթելու համար: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ  ինքնաթիռում է, տեղեկություն կարող է հաղորդել Երևան հասնելուն պես:

Placeholder
Շտապօգնության մեքենաներով բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» անցակետը. Թանանյան