Եղիշե Կիրակոսյան. Որևէ գրություն չենք ստացել Ադրբեջանի՝ ՄԻԵԴ դիմելու մասին
Իրավունք
15:15 26/10/2020
Հայաստան

Եղիշե Կիրակոսյան. Որևէ գրություն չենք ստացել Ադրբեջանի՝ ՄԻԵԴ դիմելու մասին

Ադրբեջանը ռազմագերիների հարցով որևէ դիմում չի ներկայացրել ՄԻԵԴ։
«Ամեն դեպքում մենք այս պահին ՄԻԵԴ-ից որևէ բան չենք ստացել»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին էլ սպասում են Հայաստանի կողմից 8 ռազմագերիների վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացրած գործով երեք ռազմագերիների վերաբերյալ պատասխանին։

«Որևէ նոր բան չկա, այնտեղ օրը նոր է բացվել, կարծում եմ, որ այսօր-վաղը կստանանք։ Մենք ամեն բան անում ենք, որ ռազմագերիների անվտանգությունն ապահովվի, նրանց իրավունքները չոտնահարվեն»,-ասաց Ե. Կիրակոսյանը։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, որոնց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել։ Կիրակոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ 5 ռազմագերիների մասով ստացել են ՄԻԵԴ-ի պատասխանը, որովհետև ի սկզբանե կարողացել են նրանց նույնականացնել, հետագայում՝ երկրորդ փուլում արդեն 3 հոգու մասով են դիմում ներկայացրել։

Եվս վեց ռազմագերիների վերաբերյալ Եվրոպական դատարան է դիմել հայաստանցի փաստաբանների խումբը։

 

Placeholder
Եղիշե Կիրակոսյան. Որևէ գրություն չենք ստացել Ադրբեջանի՝ ՄԻԵԴ դիմելու մասին