Մայք Պոմպեոն Փաշինյանի ու Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկին պնդել է դադարեցնել ռազմական գործողությունները
Քաղաքական
19:26 27/10/2020
Տարածաշրջան

Մայք Պոմպեոն Փաշինյանի ու Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկին պնդել է դադարեցնել ռազմական գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Ես ճնշում գործադրեցի առաջնորդների վրա՝ պահպանելու իրենց պարտավորությունները՝ դադարեցնել ռազմական գործողությունները և հետամուտ լինել դիվանագիտական լուծմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ ապրելու»,- թվիթերում գրել է Պոմպեոն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի ուշ գիշերին հայտնի դարձավ նոր՝ ԱՄՆ միջնորդությամբ երրորդ հումանիտար հրադադարի համաձայնության մասին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 8-ին, որը սակայն, Ադրբեջանը կրկին խախտեց՝ ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ բացելով Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:

Իսկ մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
 

Placeholder
Մայք Պոմպեոն Փաշինյանի ու Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկին պնդել է դադարեցնել ռազմական գործողությունները