Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թշնամին կորցնելով զգալի թվով կենդանի ուժ՝ հետ է շպրտվել ելման բնագծեր. ՊՆ ներկայացուցիչ
Այսօր՝ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈւ-երը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այսօր հրապարակվել է Թաղավարդ գյուղի հատվածում դիվերսիոն խմբի ոչնչացման տեսանյութ և ապացույցներ, գյուղերի ուղղությամբ տարբեր տեղերում դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները շարունակվել են։
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում իրականացնել, սակայն կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։
«Եվ ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են թնամու ուժերի ոչնչացումը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Նրա ներկայացմամբ, կեսօրին մոտ Ադրբեջանի ԶՈւ-ն հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, մի քանի տեղամասերում փորձել է ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականացել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են, հեռահար, հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու ետ շպրտվել։
«Քիչ առաջ հայտարարվեց, որ «Սմերչ» կայանից հրթիռակոծվել է Ստեփանակերտն ու Շուշին։ Կան տուժածներ, հրդեհ է բռնկված, որի մարման ուղղությամբ այս պահին հրշեջներն աշխատում են։ Ստեփանակերտում կոնկրետ թիրախավորվել է «Մոր և Մանկան» կենտրոնը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ մարտերն ընթանում են, շատ սաստիկ ու ծանր չեն, մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը, շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս նույնիսկ հետապնդում են ու բնագծերի փոփոխություն կատարում։
«Այնպես որ, վստահ եղեք՝ հաղթելու ենք»,- խոսքը եզրափակեց Ա. Հովհաննիսյանը։