Պարգևավճարները պետք է լինեն. ՊԵԿ նախագահ
Տնտեսություն
12:27 03/11/2020
Հայաստան

Պարգևավճարները պետք է լինեն. ՊԵԿ նախագահ

«Ես ստիպված հերթական անգամ անդրադառնում եմ ՊԵԿ-ի պարգևավճարներին. դրանց վրա այդքան կենտրոնանալը և դրանք վերացնելու նպատակով արվող հարցադրումները ոչ մի տեղ չտանող ճանապարհ են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2021 թվականի պետական բյուջեի պարգևավճարների ֆոնդին։

Նրա խոսքով, պարգևավճարներն այս պահին համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են. «Պարգևավճարները պետք է լինեն»։

Դիտարկմանը, որ այս օրերին հանրային պահանջ կա, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պարգևավճարները փոխանցեն կա՛մ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, կա՛մ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ՊԵԿ նախագահն արձագանքեց.

«Կարծում եմ՝ մամուլից պետք է արդեն տեղեկացած լինեք, որ պատերազմական գործողությունների հենց առաջին օրերից ՊԵԿ աշխատակիցներն այս մասով շատ ակտիվ են եղել։ Բազմաթիվ անգամ գումար է հավաքագրվել և փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այս պահին, ընդհանուր առմամբ, մոտ 530 մլն դրամ  է փոխանցվել։ Եվ բոլորը մասնակցություն են ունեցել այս գործընթացին։ Այդ գումարները բնականաբար մարդիկ իրենց եկամուտներից են տրամադրել»։

Հարցին, իսկ այս իրավիճակում, երբ կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվե,արդյո՞ք ՊԵԿ-ը չի հրաժարվել պարգևավճարներից, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց.

«Նախորդ ամիս պարգևավճարներից չենք հրաժարվել, սակայն գումար ուղղել ենք հիմնադրամներին, իսկ ընթացիկ ամսում պարգևավճարներ նախատեսված չեն»։

Ճշտող հարցին, թե նախորդ բոլոր ամիսներին ՊԵԿ-ում չե՞ն հրաժարվել պարգևավճարներից, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Ինչո՞ւ հրաժարվեինք պարգևավճարներից»։

Placeholder
Պարգևավճարները պետք է լինեն. ՊԵԿ նախագահ