Գնդերեց Նարեկ Պետրոսյան...Զինվորների հովիվը
Հասարակություն
10:51 04/11/2020
Հայաստան

Գնդերեց Նարեկ Պետրոսյան...Զինվորների հովիվը

Ռազմական գործողությունների գոտում՝ հենց առաջնագծում է գտնվում մոտ 25-30 հոգևորական՝ գնդերեցներ և թեմերից քահանաներ կամավոր սկզբունքով։ Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Ենովք քահանա Եսայանը։

Արդեն հաղորդվել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ զոհված երկու սարկավագի զոհվելու մասին՝ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյան և Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նվիրյալ և խոնարհ սպասավոր Բարեշնորհ Ռուստամ սարկավագ Պողոսյանը։

«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել գնդերեց Նարեկ Պետրոսյանի մասին։

«Դժվարինն ինքը հաղթահարող էր, սիրում էր կատարել և ուրախ ասեր՝ արված է, պատրաստ է ուրիշ հանձնարարություններ կատարելու։ Չէ, Նարեկը հաղթող տեսակ էր»,- ասում է ՀՕՊ զորքերի գնդերեց Տեր Կորյուն քահանա Կարապետյանը։

ՊԲ ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը նշում է, որ պատերազմի հենց առաջին օրը գնացել է ռազմաճակատ՝ լինելու գնդերեցների կողքին։

«Բացի նրանից, որ հոգևոր աջակցություն էր տալիս, աղոթում էր զինվորների համար, նաև կենցաղային  ամենափոքրիկ ծառայությունն էր փորձում մատուցել զինվորներին, որպեսզի նրանց ծառայությունը թեթևանա։ Մոտակայքից սագեր էր որսացել և  խորոված էր սարքում, առավոտյան 7-ից մինչև ժամը երկուսը 5 սագը փոքր, մարմանդ կրակի վրա խորովեց զինվորների համար, որպեսզի ծուխը չերևա ու թշնամին չտեսնի»,- պատմում է գնդերեց Գոռ Գյուրջյանը։

Գոռ սարկավագ Գյուրջյանը նշում է, որ գնդերեց Նարեկ Պետրոսյանն անընդհատ ասել է՝ քաջ հովիվը պետք է իր անձը տա իր հոտի համար, ինքն իրեն համարում էր զինվորների հովիվ։

«Առանց մտածելու, առանց տատանվելու, առանց որևէ ինչ հաշվի առնելու մեկնեց Ղարաբաղ և ինչպես որ ծնունդը  ունեցավ Արցախում, այնպես էլ, ցավոք սրտի, կնքեց իր մահկանացուն»,- ասում է ՀՕՊ զորքերի գնդերեց Տեր Կորյուն քահանա Կարապետյանը։

Placeholder
Գնդերեց Նարեկ Պետրոսյան...Զինվորների հովիվը