Դատավորների այս քանակից մի բան էլ նվազեցնելը նշանակում է կազմալուծել դատական համակարգի աշխատանքը. Կարեն Փոլադյան
Իրավունք
12:22 04/11/2020
Հայաստան

Դատավորների այս քանակից մի բան էլ նվազեցնելը նշանակում է կազմալուծել դատական համակարգի աշխատանքը. Կարեն Փոլադյան

«Ձեր մատնանշած կրճատումների մասին առաջին անգամ ձեզանից եմ տեղեկանում և չեմ կարծում, որ դատական համակարգում պետք է լինեն կրճատումներ»,- ԱԺ-ում հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ պատասխանելով համակարգում սպասվող կրճատումների մասին լրագրողի հարցին:

Փոլադյանը հայտնեց, որ հակառակ գործընթացն է գնում,  և Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետին՝ առաջարկելով մի քանի դատարաններում ավելացնել դատավորների և դատական կազմերի քանակը:

«Այս լույսի ներքո չեմ կարծում՝ կրճատումների մասին հնարավոր է խոսք լինել, որովհետև դատարաններն այսօր այնքան ծանրաբեռնված են, որ այս քանակից մի բան էլ նվազեցնելը նշանակում է  կազմալուծել դատական համակարգի աշխատանքը»,- հայտարարեց դատական դեպարտամենտի ղեկավարը:

Փոլադյանը լրագրողներին հավաստիացրեց, որ փոխվել են դատական ակտերի որակները, ինչի արդյունքում նվազել են քաղաքացիների բողոքները և դիմումները:

Պատասխանելով համակարգի աշխատակիցների պարգևավճարները հիմնադրամին փոխանցելու հնարավորության մասին հարցին՝  Կարեն Փոլադյանը տեղեկացրեց, որ դատավորները երբևէ պարգևավճարներ չեն ստացել ու չեն ստանում:

Նրա խոսքով, դատական համակարգի աշխատակիցներն իրենց անձնական միջոցներից շուրջ 24 մլն դրամ են հավաքագրել և ուղղել է «Հայաստան» համահայկան հիմնադրամի «Մենք ենք՝ մեր սահմանները» դրամահավաքի ծրագրին: Վերջինս հայտնեց, որ դատական համակարգի 85 աշխատակից առաջնագծում է:

Դատական դեպարտամենտի ղեկավարը հաստատեց, որ որոշ դատական նիստերը հետաձգվում են, որի պատճառն այն է, որ հայցի կողմերը գտնվում են ռազմաճակատում, կամ ներգրավված են պաշտպանական գործընթացներում:

Placeholder