Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՊՆ ներկայացուցիչ. Այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց թշնամու հրետանուն
«Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈւ-ի կամ անվտանգության համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը խոսել է թուրքական հետախուզության՝ Ադրբեջանի օգտին աշխատելու մասին, ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ աջակցությունն ընթացիկ պատերազմի վրա։
Նա նշեց, որ փաստացի ֆիքսել են, որ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարություն հասկացություն չկա, կա Թուրքիայի գլխավոր շտաբի Ադրբեջանի և դրան գումարած այլ ստորաբաժանումների զորատեսակների, խմբերի, վարձկանների և այլոց ղեկավարում:
Պատասխանելով հարցերից մեկին՝ նա ասաց, որ ադրբեջանական հասարակության, քաղաքացիների դժգոհությունը ու դրանից բխող այլ գործողությունները դեռ առջևում են, դրանք երկար սպասեցնել չեն տալու։
Հարցին՝ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտնել էր, որ այսօր շատ ծանր օր էր Շուշիի և Ստեփանակերտի ուղղութամբ մարտերի առումով, ինչո՞վ էր ծանր, ի՞նչ վիճակ է այժմ, նա ասաց. «Տեղում կռվող զինվորականներից շատերը, ում հետ ես այս ընթացքում խոսել եմ, շատ հստակ բառապաշարով ասում էին, որ ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել: Չեմ կարող ասել, որ Շուշիի պաշտպանական օպերացիան ավարտված է, մարտերը շարունակվում են, չեմ կարող ասել, որ ամեն ինչ փայլուն է, և այլ ծանր օրեր չեն սպասվում, բայց մենք պատվով դուրս ենք եկել այս իրավիճակից, և իրավիճակը փոխված է: Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի։ Բայց ծանր մարտեր են եղել»։
Հարցին՝ ի՞նչ իրավիճակում է Հադրութում, արդյո՞ք կան դիվեսիոն խմբեր, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Հադրութում, հարակից գյուղերում մարտերը շարունակվում են, թշնակամական ուժերը փորձել են բոլոր հնարավոր ճանապարհներով, իրենց համար նախընտրելին եղել են հիմնականում մայրուղիները, ասֆալտապատ ճանապարհները, ձգտել դեպի Շուշի, բայց բոլոր ուղղություններում ջախջախվել են: Այդ ձորակներն իրենց համար դժոխք են դառնալու»։
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ վերջին 2-3 օրը դեպի Շուշի անդադար իրենց ձգտումներն այնքան էլ զուտ դիվերսիոն խմբերի գործողություններ չէին, մարտավարական վաշտային խմբեր են, հիմնականում կան նաև դիվերսիոն խմբեր, վարձկաններ, էլիտար ստորաբաժանումներ, որոնց տրված է համապատասխան ուժեղացում որպես թեթև ու արագաշարժ զրահատեխնիկա, լավ սպառազինված են, այնպիսի պատրաստություն են անցել, որ կարող են ցերեկ, թե գիշեր նույն ուժգնությամբ մարտ վարել։
«Նրանց աջակցում է հիմնականում իրենց հրետանին։ Այսօր, վստահաբար, կարող եմ ասել՝ եթե նույնիսկ առանձին խմբերի պայքարը, մարտը Շուշիի ուղղությամբ դեռ շարունակվում է կամ կարող է լինել, այսօր զուտ հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց իրենց հրետանուն։ Դա փաստ է»,- ասաց նա։
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են, նույն ինտենսիվությամբ չեն։
«Պատերազմը շարունակվում է, սաստիկ է։ Մեր գոյության պայքարն է, լինելիության պայքարն է։ Առանձին վերցրած Քարինտակի պատերազմը չէ, Քարինտակի մարտը չէ, առանձին վերցրած Շուշիի ճակատամարտը չէ, հայ ժողովրդի լինելիության պատերազմն է։
Վստահեք մեր բանակին, հավատացեք հայոց ռազմիկ բազմին, ու նա հաղթելու է»,-խոսքը եզրափակեց Ա. Հովհաննիսյանը։