Վարչական վարույթներ՝ Կոտայքի և Գեղարքունիքի ջրամատակարարման համակարգի անվտանգությունը ստուգելու նկատառմամբ․ ԱԱՏՄ
Առողջություն
19:25 06/11/2020
Հայաստան

Վարչական վարույթներ՝ Կոտայքի և Գեղարքունիքի ջրամատակարարման համակարգի անվտանգությունը ստուգելու նկատառմամբ․ ԱԱՏՄ

Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողական աշխատանքները ջրամատակարարման համակարգի անվտանգության նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը։

Դրանց շրջանակում մի շարք վարչական վարույթներ են հարուցվել Կոտայքի և Գեղարքունիքի ջրամատակարարման համակարգի անվտանգությունը ստուգելու նկատառմամբ։

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի խմելու ջրի որակի, ինչպես նաև ջրառների, օրվա կարգավորիչ ջրամբարների անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնն իր ստուգայցերի ընթացքում իրականացրել է հերթական զննումները Մեղրաձոր համայնքի Մեղրաձոր, Փյունիկ, Ուլաշիկ և Արտավազ գյուղերում։

Ձեռնարկված այս միջոցառումները հաջորդել են նշված մարզերի մարզպետարաններում ԱԱՏՄ նախաձեռնությամբ ջրի անվտանգության հարցերի շուրջ քննարկումներին՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների։

Որպես սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն արձանագրվող շեղումների դեպքում իրավասու է կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի օգտագործումը կասեցնելու կարգադրագիր տալ, մինչև շեղումները բացառվեն, եթե որպես այդպիսիք կգրանցվեն։
Ջրի անվտանգության վերահսկողական միջոցառումներն ԱԱՏՄ-ի կողմից խստացվել են ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի հրամանով։

Նախորդիվ՝ ջրի անվտանգության հարցերով խորհրդակցություններ են տարվել Երևանում  և  հանրապետության այլ մարզերի մարզպետարաններում եւս։ Պատասխանատու օղակների հետ ձեռնարկվել են այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր։

 

Placeholder