Իրանի գեներալ․ Հայաստանին ու Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս լուծել խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով
Քաղաքական
14:27 06/11/2020
Տարածաշրջան

Իրանի գեներալ․ Հայաստանին ու Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս լուծել խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ասել է, որ զինված ուժերը կանեն հնարավորը՝ սահմանային շրջանների անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումը: Այս մասին գրում է Mehr գործակալությունը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հորդորում է երկու կողմերին էլ լուծել իրենց խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով:

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժի չի թույլատրվում փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի», - ասել է գեներալը:

Նա նշել է, որ բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում, և նրանք ամեն ինչ անելու են տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար:

«Զինված ուժերը կանեն հնարավորը՝ սահմանամերձ շրջանների անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումը։ Մեր կարմիր գիծը մարդկանց անվտանգության, խաղաղության և հարմարավետության ապահովումն է», - շեշտել է Հեյդարին:

Հեյդարին հետագայում նշել է, որ երկրի հյուսիսարևմտյան սահմաններին ոչ մի վտանգ չի սպառնում, և զինված ուժերը պատրաստ են պաշտպանել Իրանի ժողովրդին:

Ընդգծելով տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ բրիգադային գեներալ Հեյդարին ասել է. «Իրանը շատ ընդհանրություններ ունի հարևան ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, և մենք խորհուրդ ենք տալիս երկու երկրներին հարգել միջազգային իրավունքը, պաշտպանել միջազգային սահմանները և լուծել իրենց խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով»:

Placeholder
Իրանի գեներալ․ Հայաստանին ու Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս լուծել խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով