2020 թ-ի ընթացքում էական փոփոխություններ են եղել առողջապահական բյուջեի մասով. նախարար
Առողջություն
12:32 09/11/2020
Հայաստան

2020 թ-ի ընթացքում էական փոփոխություններ են եղել առողջապահական բյուջեի մասով. նախարար

«Ընդհանուր առմամբ նախարարության մասով բյուջեի աճը մեր ցանկալին չէ, մենք պլանավորում էինք և հայտ էինք ներկայացրել ավելի մեծ աճի համար»,- խորհրդարանական քննարկումների ժամանակ 2021 թվականի բյուջեով Առողջապահության նախարարության հատկացումների մասին կարծիք հայտնեց նախարար Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի, իրենց այդ ցանկությունը հիմնավորվում է նրանով, որ առողջապահությունը շատ  կարևոր ոլորտ է երկրի ու մարդկային կապիտալի զարգացման, տնտեսական աճի համար, բայց, հաշվի առնելով պատերազմը և համաճարակը, ունեն նույն ծավալի բյուջե՝ առանձին տողերում որոշ բարձրացումներով:

«2020 թվականը կրկնակի տարօրինակ է մեր ոլորտի համար, որովհետև տարվա ընթացքում էական փոփոխություններ են եղել առողջապահական բյուջեի մասով»,- հայտնեց նախարարը և նկատեց, որ առաջին փոփոխությունը պայմանավորված է եղել համաճարակով, երբ ստիպված հավելյալ ծախսեր են կատարվել, մյուսը՝ ռազմական գործողություններով:

Ըստ նախարարի, այս փաստը շեշտում է նրա համար, որ 2021 թվականի բյուջեի ծավալը համեմատեն ոչ թե տարվա վերջին կատարողականի, այլ տարվա սկզբում հաստատված բյուջեի հետ, քանի որ, եթե 2020-ի տարեվերջի ցուցանիշների հետ համեմատեն, ապա 2021 թվականին ավելի քիչ հատկացումներ կլինի:

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 2020 թվականի սկզբի հետ համեմատած հաջորդ տարվա համար ծախսերն աճել են 2 մլրդ դրամով:

Նախարարի տեղեկացմամբ, Առողջության առաջնային պահպանման ծրագիրը 2020 թվականին  կազմել է 27.1 մլրդ, իսկ 2021 թվականին կլինի 27.9 մլրդ դրամ:

«Աճը նախատեսվում է ամբուլատոր բժշկական ծառայությունների համար։ Քանի որ ունեինք խնդիր, հատկապես բժշկական հաստատությունների պահպանման ծախսերի մասով, դրանք մի կերպ էին տարին դրական բալանսով փակում»,- նկատեց նախարարը և հավելեց, որ բյուջեի մյուս ծրագիրը հանրային  առողջության պահպանման ծրագիրն է, որը 5.8 մլրդ դրամից  հասել է 6.3 մլրդ դրամ, և պայմանավորված է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարով:

Նրա խոսքով, հավելյալ գումարը կուղղվի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի ծախսերին, որն էլ իրականացնում է համաճարակի դեմ հիմնական պայքարը:

Թորոսյանը հայտնեց, որ հատկացումների մյուս աճը Իմունիզացիայի ազգային ծրագրով պատվաստանյութերի ձեռքբերման համար է նախատեսված:

Առողջապահության նախարարը պատգամավորներին տեղեկացրեց, որ «Զինծառայողներին և փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական ծառայություններ» միջոցառման մասով կա մոտ 500 մլն դրամի ավելացում, որը կապված է ոստիկանության հոսպիտալի պահպանման ծախսերի բյուջեն Առողջապահության նախարարության բյուջե տեղափոխելու հետ:

Տեղեկացնելով, որ շտապ բժշկական օգնության ծրագրի շրջանակներում նախորդ տարվա 4.3 մլրդ դրամը 2021 թվականին նախատեսված է դարձնել 5 մլրդ դրամ՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ այս ծառայության գծով աճն ահռելի է և երկու տարվա ընթացքում ֆինանսավորումը բարձրացել է 2-3 անգամ:

Նախարարը հատնեց, որ բյուջեի նվազում է գրանցվել «Մոր և մանկան առողջության պահպանման ծրագիր» տողում. մասնավորապես, 2020 թվականին ֆինանսավորումը կազմել է 20.4 մլրդ դրամ, իսկ 2021 թվականին դարձնել  է 19.1 մլրդ դրամ: Նախարարը միտումը բացատրեց նրանով, որ երեխաներին մատուցվող որոշ ծառայություններ կիրականացվեն այլ բյուջետային ծրագրերով:

««Խորհրդատվական մասնագիտական աջակցություն և հետազոտություն» ծրագրով ունենք ծախսերի նվազում. 323.3 մլն-ը դարձել է 271 մլն: Նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ առողջապահության նախարարության վարած քաղաքականության համաձայն 2021 թվականից դադարեցվում է էլեկտրոնային  առողջապահական համակարգի սպասարկման ծախսերի փոխհատուցման ծրագիրը»,- շեշտեց Թորոսյանը և տեղեկացրեց, որ այսուհետ կազմակերպություններն իրենց միջոցների հաշվին են այն իրականացնելու, բայց այն նրանց բեռը չի ավելացնի, քանի որ իջեցրել են այդ ծառայությունների գները:

Վերջում Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 991.9 մլն դրամ էլ հատկացվել է Առղջապահության նախարարության պահպանման ծախսերի համար, որը նախորդ տարվա համեմատ անփոփոխ է մնացել:
 

Placeholder
2020 թ-ի ընթացքում էական փոփոխություններ են եղել առողջապահական բյուջեի մասով. նախարար