Այվազովսկու հուշարձանը բացվել է Սիմֆերոպոլի օդանավակայանի հարակից հրապարակում
Մշակույթ
15:40 09/11/2020
Աշխարհ

Այվազովսկու հուշարձանը բացվել է Սիմֆերոպոլի օդանավակայանի հարակից հրապարակում

Հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրին բացվել է Սիմֆերոպոլի՝ նրա անունը կրող օդանավակայանի ուղևորային տերմինալի դիմացի հրապարակում։ Այս մասն գրում է Ռիա նովոստին։

Օդանավակայանի գործադիր տնօրեն Եվհենի Պլասկինն ասել է, որ այսօր բացում է մեծ մարդուն՝ Հովհաննես Այվազովսկուն նվիրված հուշարձան։

«Գիտեք, օդանավակայանի տերմինալը կառուցվել է ծովային ալիքի գաղափարի ներքո: Սա մեծ պատասխանատվություն է մեզ համար», - կիսանդրու բացման արարողությանն ասել է նա։

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

Placeholder
Այվազովսկու հուշարձանը բացվել է Սիմֆերոպոլի օդանավակայանի հարակից հրապարակում