Իրանը հերքում է իր տարածքում «Ալ-Քաիդա»-ի գրոհայիններից մեկի վերացման մասին տեղեկությունները
Քաղաքական
11:50 14/11/2020
Տարածաշրջան

Իրանը հերքում է իր տարածքում «Ալ-Քաիդա»-ի գրոհայիններից մեկի վերացման մասին տեղեկությունները

Իրանի արտաքին գործերի նախարարությունը, Թեհրանում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի վերացման մասին հոդվածի հրապարակումից հետո, հերքել է երկրում այդ խմբավորման անդամների ներկայության մասին տեղեկությունները: Լուրը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն:

«New York Times»-ը, վկայակոչելով հետախուզության ներկայացուցիչներին, հաղորդել էր, որ խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբդուլլահ Ահմեդ Աբդուլլահը, որը մասնակցել էր 1998 թ-ին Աֆրիկայում ամերիկյան դեսպանատների վրա կազմակերպած հարձակումներին, երեք ամիս առաջ Թեհրանում ոչնչացվել է իսրայելցի գործակալների կողմից:

«Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն կտրականապես հերքել է այդ խմբավորման անդամների ներկայությունը Իրանում և խորհուրդ է տալիս լրատվամիջոցներին չհետևել ամերիկյան և սիոնիստական իշխանությունների հոլիվուդյան սցենարներին»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Խաթիբզադեն նաև շեշտել է, որ «Ալ-Քաիդա»-ն տարածաշրջանում Ամերիկայի և նրա դաշնակիցների սխալ քաղաքականության ծնունդն է, հավելելով, որ Իրանում ահաբեկիչների ներկայության վերաբերյալ նման տեղեկատվությամբ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են այդ և այլ ահաբեկիչների հանցավոր գործողությունների պատասխանատվությունը հանել իրենց վրայից:

Placeholder
Իրանը հերքում է իր տարածքում «Ալ-Քաիդա»-ի գրոհայիններից մեկի վերացման մասին տեղեկությունները