Պուտինն ու Մակրոնը մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը
Քաղաքական
17:18 16/11/2020
Աշխարհ

Պուտինն ու Մակրոնը մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլը։

Ասվում է, որ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը՝ կողմերը մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք հնարավորություն տվեցին դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին: Նշվել է, որ իրագործվում է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իրավիճակը տարածաշրջանում հիմնականում կայունացել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստակամություն հայտնելով համակարգել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների, Պուտինն ու Մակրոնը կարևորել են հումանիտար հրատապ խնդիրների լուծումը, ներառյալ փախստականների վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, բնակչության համար բնականոն կյանքի պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը, քրիստոնեական եկեղեցիների և վանքերի պահպանումը: Այս կապակցությամբ Ռուսաստանի նախագահը հայտնել է Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի ստեղծման մասին:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության որոշ հարցերի, այդ թվում ահաբեկչական սպառնալիքին համատեղ հակազդելու ոլորտում:
 

Placeholder
Պուտինն ու Մակրոնը մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը