Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս հրադադարը չափազանց անհրաժեշտ էր, բայց այն խաղաղության պայմանագիր չէ. վերլուծաբան Թոմ դե Վալ
Միջազգային հանրությունը մեծ հաշվով համակարծիք է՝ ԼՂ հակամարտության շուրջ վերջին հրադադարը ուղղված է պատերազմի դադարեցմանը, սակայն դա վերջնական կարգավորման համաձայնություն չէ, որի համար անհրաժեշտ է բանակցային գործընթաց: ԵՄ-ն ևս կիսում է այս մոտեցումը:
Ռազմական գործողությունների դադարեցումն ընդամենն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության կարգավորման ուղղությամբ, ասված է ԵՄ հայտարարության մեջ։ ԵՄ-ը գտնում է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման համար, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Իր հայտարարության մեջ Բրյուսելը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին համանախագահների գլխավորությամբ: Այս մոտեցումը կիսում են Վաշինգտոնում ու Փարիզում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վալն իր վերջին հրապարակման մեջ կարծիք է հայտնում, որ Արևելյան գործընկերության երկու երկրների՝ ՀՀ և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը մարտահրավեր է ԵՄ՝ Հարավային Կովկասում ռազմավարական դեր ստանձնելու ձգտումներին, գրում է դե Վալը՝ ընդգծելով, որ ԵՄ-ը պարզապես չունի ինստիտուցիոնալ գործիքներ այս ճգնաժամը հաղթահարելու համար: Այս օրերին ԼՂ հարցում արևմտյան տերությունները հայտնվել են խաղից դուրս վիճակում, և այժմ պետք է ջանքեր գործադրեն դիրքերը վերականգնելու համար, ընդգծում է նա:
«Այս հրադադարը չափազանց անհրաժեշտ էր, սակայն սա խաղաղության պայմանագիր չէ»,- գրում է դե Վալը, ով չի բացառում, որ ՌԴ առաջնորդ Պուտինը կարող է քայլեր ձեռնարկել վերջնական կարգավորման ուղղությամբ, որը կբարելավվեր կողմերի միջև հարաբերությունները: Նա, սակայն, ավելի հակված է, որ ՌԴ-ի գերխնդիրն է Հարավային Կովկասում իր ազդեցության ուժեղացումն ու առևտրային ուղիների վերահսկումը երկարաժամկետ խաղաղության փոխարեն, ուստի ռազմական գործողությունների վերսկսման վտանգի պահպանումը կնապստի ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի պահպանմանը, նշում է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և հրադադարի հիմնական բանակցող, առարկություն չի հայտնել բանակցույունների վերսկսման ուղղությամբ: Մոսկվայում, սակայն, ընդգծում են՝ այսօր Լեռնային Ղարաբաղում առաջնային խնդիրն է խաղաղ կյանքի վերականգնումը: Ռուսական հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ այսօր կողմերը համաձայնվել են պահպանել առկա ստատուս քվոն, իսկ հետագա խնդիրները պետք է կարգավորվեն ապագայում կամ ապագա ղեկավարների ու գործընթացի մասնակիցների կողմից: Նա նաև չի բացառել, որ ԼՂ կարգավիճակի խնդիրը կարող է կարգավորվել բնականոն կյանքի պայմանների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և հակամարտության գոտում խաղաղ գոյակցության վերականգնումից հետո: