Փաշինյանը՝ Tass-ին․ Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կսահմանափակվի 5 տարով
Քաղաքական
11:24 25/11/2020
Հայաստան

Փաշինյանը՝ Tass-ին․ Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կսահմանափակվի 5 տարով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ռուս խաղաղապահների առաքելությունը Ղարաբաղում չի սահմանափակվի մեկ 5-ամյա ժամկետով:

«5 տարում, իհարկե, հարկավոր է տարածաշրջանում ստեղծել անվտանգության և կայունության երաշխիքներ: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգված է, չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների առաքելությունը կսահմանափակվի 5 տարվա ժամկետով», - ասել է Փաշինյանը Tass-ին տված հարցազրույցում:

Փաշինյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումը «քաղաքական համաձայնության հարց է», և այն ձեռք է բերվել ու ձևակերպվել նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ: Ըստ Փաշինյանի, «հնգամյա ժամկետը գործընթացի սկիզբն է»: Նա նաև նշել է, որ այս ժամկետը կարող է ավտոմատ կերպով երկարացվել:

«Կարծում եմ, որ այս պահին հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունություն ապահովելն ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումն է, և կարծում եմ և հուսով եմ, որ ռուս խաղաղապահները հաջող կգործեն և կկարողանան իրականացնել այդ առաքելությունը»,-ասել է Փաշինյանը։

Արցախի կարգավիճակի հետ կապված հարցին ի պատասխան Փաշինյանն ասում է, որ գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում կա կոնսենսուս, և Հայաստանը համաձայն է այս տեսակետի հետ, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և այն խնդիրները, որոնք չեն լուծվում համատեղ հայտարարությունում, պետք է դառնան քննարկման առարկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: 

Հայաստանում ներքաղաքական վիճակի լարվածության ու հրաժարականի կոչերի մասին հարցին ի պատասխան Փաշինյանն ասում է, թե «մենք ունենք ներքաղաքական լարվածություն, բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից արված կոչերը հասարակության լայն արձագանք չեն գտել: Եվ իշխանության հարցը, որը ձևավորվել է ժողովրդի կողմից, կարող է լուծվել միայն ժողովրդի կամքով»։

Հարցի հստակեցմանը, որ ժողովրդի կամքի արտահայտման առավել ժողովրդավարական ձևը ընտրություններն են, կան նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչեր, ինչպես է գնահատում այս հնարավորությունը, Փաշինյանը պատասխանում է, որ  Հիմա ՀՀ կառավարության և բոլոր քաղաքական ուժերի առաջնային խնդիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ամբողջական կայունության և անվտանգության վերականգնումը:

«Ես նկատի ունեմ ոչ միայն ներքին անվտանգությունը, այլև արտաքին»,-ասում է Փաշինյանն ու հավելում, որ վեց ամսվա ճանապարհային քարտեզ է հրապարակել և հաջորդ վեց ամիսների ընթացքում պետք է աշխատեն իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

«Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության իրավիճակը, տնտեսական կայունությունը: Դրանից հետո մենք խորհրդակցելու ենք մեր հասարակության, մարդկանց, քաղաքական ուժերի հետ և որոշելու ենք հետագա իրադարձություններն և հետագա քայլերը, թե ինչ պետք է անենք հետագայում»,-ասել է Փաշինյանը:

Ամբողջական հարցազրույցի տեսանյութը։

Placeholder
Փաշինյանը՝ Tass-ին․ Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կսահմանափակվի 5 տարով