Հայաստանը պատվիրել է 300 հազար բնակչի հաշվով պատվաստանյութ. Արսեն Թորոսյան
Առողջություն
12:35 26/11/2020
Հայաստան

Հայաստանը պատվիրել է 300 հազար բնակչի հաշվով պատվաստանյութ. Արսեն Թորոսյան

Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, որ նախորդ օրը կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք՝ նախորդ օրվա 1563-ի համեմատ, բայց թեստերի քանակն էլ ավելի շատ է, քան նախորդ օրվանը: Ունենք 2142 առողջացած և 28 մահվան դեպք:

«Այսինքն՝ հարաբերական կայուն վիճակ ունենք և մի փոքր բարելավված՝ եթե համեմատենք 3-4 շաբաթվա վաղեմության թվերի հետ: Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն արդեն ավելի տանելի է: Երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, և նրանց չենք կարողանում տեղավորել: Բոլորին տեղավորում ենք: Հույս ունենք, որ իրավիճակն առնվազն մոտակա մի քանի շաբաթներին կպահպանվի»,- հայտնեց Թորոսյանը:

Ըստ նախարարի, հիվանդանոցներն աշխատում են նախկին ռեժիմով և փակելու մասին չեն մտածում: Արսեն Թորոսյանը հայտնեց, որ համաշխարհային ակադեմիական շրջանակներում կանխատեսում են համաճարակի անկում և կրկին աճ՝ 2-3 ամիս ինտերվալով:

Առողջապահության նախարարը հայտնեց, որ պատվաստանյութի համար միջազգային հավաքական գնումների պլատֆորմում Հայաստանն արդեն  վճարել է կանխավճար և այնտեղ արդեն կա պատվաստանյութի հավանական գրանցման 10 թկնածու:

Արսեն Թորոսյանի խոսքով, Հայաստանը պատվիրել է բնակչության 10 տոկոսի՝ 300 հազար բնակչի հաշվով պատվաստանյութ և մատակարարման հավանական ժամկետը հաջորդ տարվա գարնան կեսերն են:
 

Placeholder
Հայաստանը պատվիրել է 300 հազար բնակչի հաշվով պատվաստանյութ. Արսեն Թորոսյան