Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն. Միքայել Համբարձումյան
Իրավունք
21:42 27/11/2020
Հայաստան

Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն. Միքայել Համբարձումյան

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այսօր առավել քան անհրաժեշտ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, անվտանգության մարմիններում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով Հայաստանի պետականությանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին։

Համբարձումյանը հիշեցրել է իր պաշտոնանկությունից հետո՝ նոյեմբերի 12-ին հրապարակած մտահոգությունները՝ ընդգծելով, որ մնում է նույն կարծիքին։

«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ երկրում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում քաղաքական ուժերը, այդ թվում՝ վարչապետը, կներկայացնեն իրենց մոտեցումները, որոնք գուցեև ընդունելի լինեն ժողովրդի համար։ Միայն արտահերթ ընտրությունների արդյունքում է հնարավոր ձևավորել նոր՝  լեգիտիմ իշխանություն և երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից»,–հայտարարել է նա։

Նոյեմբերի 8-ին Միքայել Համբարձումյանը հրաժարական էր ներկայացրել՝ ազատվելով  ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից։ Օրեր անց Համբարձումյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ։

«Երկրի ղեկավարը, ընդունելով, որ պարտություն է կրել, իրավունք չունի չգիտակցել և չընդունել իր մեղքի բաժինը և պետք է փորձի նոր ընտրություններով կրկին լեգիտիմացնել իր գործունեությունը, այլապես այս անվստահության  գաղջ մթնոլորտը շարունակաբար տիրելու է մեր երկրում»,-նշել էր Միքայել Համբարձումյանը

Placeholder