Տասնամյակի ամենահայտնի գրքերը
Մշակույթ
15:25 02/12/2020
Աշխարհ

Տասնամյակի ամենահայտնի գրքերը

Ռուսական Ozon օնլայն խանութը կազմել է վերջին 10 տարվա ընթացքում ինտերնետում ամենաշատ վաճառվող լավագույն 10 գրքերի ցանկը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնում են ընկերությունից:

Մասնագետները վերլուծել են գրքերի վաճառքը 2010-2020 թվականներին: Հոգեբան Միխայիլ Լաբկովսկու «Ուզում եմ և  կլինեմ» աշխատությունը տասնամյակի ամենավաճառվող գիրքն է:  2017-ին լույս տեսնելուց ի վեր այն Ozon-ով գնվել է ավելի քան 100 հազար անգամ:

Երկրորդ հորիզոնականում է ամերիկացի տնտեսագետ, խորհրդատու Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գիրքը: 10 տարվա դիտարկումների ընթացքում այն միակ գիրքն է եղել, որ մշտապես եղել է թոփում  և ողջ ընթացքում  պահանջարկ է ունեցել:

Լավագույն 10-յակի երրորդ տեղում է Լյուդմիլա Պետրանովսկայայի  «Գաղտնի աջակցություն: Կցորդը երեխայի կյանքում» գիրքը: Չորրորդ տեղում է Այն Ռենդի « Ատլանտը թոթվեց ուսերը» գիրքը, որը գեղարվեստական գրքերի շարքում առաջատարն էր Ozon-ի վաճառքում:

Ցուցակի հինգերորդ և վեցերորդ հորիզոնականներում են Մաքսիմ Իլյախովի և Լյուդմիլա Սարիչևայի  «Գրիր, կտրիր»  և Մասարու Իբուկայի «Երեք տարի անց արդեն ուշ է» գրքերը:

Յոթերորդ տեղում է Ջոն Կեհոյի «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» գիրքը, որին հաջորդում է Սվետլանա  Բատյաևայի  և Ելենա Սավոստյանովայի «Ալբոմ ՝ ամենափոքրի խոսքի զարգացման համար» գիրքը:

Ըստ Ozon –ի, լավագույն 10-ի վերջին երկու տեղերում են  Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» և Ադել Ֆաբերի ու Էլեյն Մազլիշի «Ինչպե՞ս խոսել, որպեսզի երեխաները լսեն, և ինչպես լսել, որպեսզի երեխաները խոսեն» ստեղծագործությունները:

Ընկերության հաղորդագրության համաձայն, 2020 թ.-ի տաս ամիսների ընթացքում Ozon- ով գրքերի պատվերների ընդհանուր քանակը տարեկան կտրվածքով աճել է 40 տոկոսով, իսկ գեղարվեստական արձակի վաճառքները վերջին 5 տարում աճել են 2.5 անգամ ` 2010-2015 թվականների ժամանակահատվածի համեմատ:

Placeholder
Տասնամյակի ամենահայտնի գրքերը