Ղարաբաղում և Բելառուսում իրադարձությունները բարդացրել են իրավիճակը ՀԱՊԿ տարածքում․ Պուտին
Քաղաքական
14:26 02/12/2020
Աշխարհ

Ղարաբաղում և Բելառուսում իրադարձությունները բարդացրել են իրավիճակը ՀԱՊԿ տարածքում․ Պուտին

Լեռնային Ղարաբաղում, Բելառուսում և Ղրղզստանում տեղի ունեցած իրադարձությունները բարդացրել են իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տարածքում: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, տեսակոնֆերանսով ՀԱՊԿ գագաթնաժողովին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ընդգրկված տարածքում իրավիճակը չի զարգացել առանց խնդիրների և ընդհանուր առմամբ անհանգիստ էր։ Նկատի ունեմ զինված բախումը, որը բռնկվեց սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում՝ ՀԱՊԿ անդամ պետության մասնակցությամբ, ինչպես նաև հետընտրական իրադարձությունները Բելառուսում, որը դրսից աննախադեպ ճնշման է ենթարկվել, և նաև Ղրղզստանի ներքաղաքական իրավիճակը»,- նշե է ՌԴ նախագահը։

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու վերաբերյալ համաձայնագրերը հետևողական կատարվում են:

«Ներկայումս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է ներգրավելու ՀԱՊԿ պետություններին և ԱՊՀ անդամ երկրներին Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրները լուծելու գործում:

«Բնականաբար, մենք շահագրգռված ենք, որ ՀԱՊԿ և ԱՊՀ մեր բոլոր գործընկերները միանան մարդասիրական ջանքերին», - ասել է նա։

Պուտինի խոսքերով, «իրոք, Հայաստանն ու հայ ժողովուրդը անցել են շատ դժվար ժամանակաշրջան իրենց պատմության մեջ, և Հայաստանի ղեկավարությունը, վարչապետը ստիպված էին շատ դժվար, բայց անհրաժեշտ որոշումներ կայացնել Հայաստանի ժողովրդի համար»:

Նա այդ որոշումներն անվանել է «ցավոտ, բայց անհրաժեշտ» և շեշտել, որ դրանց ընդունումը պահանջում էր անձնական մեծ քաջություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

«Դա ակնհայտ է: Այսօրվա նիստին ներկա գտնվողներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության աստիճանը նման որոշումներ կայացնելիս: Նա (Փաշինյանը) ստանձնեց այդ պատասխանատվությունը», - ասել է Պուտինը, ավելացնելով, որ ՀԱՊԿ գործընկերների խնդիրն է աջակցել ՀՀ վարչապետին և նրա թիմին՝ խաղաղ կյանք հաստատելու, բոլոր որոշումների իրականացմանը հասնելու և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու համար:
 

Placeholder
Ղարաբաղում և Բելառուսում իրադարձությունները բարդացրել են իրավիճակը ՀԱՊԿ տարածքում․ Պուտին