Արցախցիների հիմնական խնդիրը բնակարանն է
Հասարակություն
11:42 03/12/2020
Հայաստան

Արցախցիների հիմնական խնդիրը բնակարանն է

ՀՀ-ում բնակվող արցախցիների կողմից ներկայացված խնդիրները Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը ներկայացում է առաջին հերթին Արցախի  կառավարությանը, օպերատիվ շտաբին, Հայաստանի  գործընկերներին՝ ըստ անհրաժեշտության: Լրագրողներին ասաց Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

«Հարցերի շրջանակը լայն է, շատ են,  խոսքը մի քանի հազարավոր մեր հայրենակիցների մասին է:  Հնարավոր չէ արագ լուծում գտնել, բայց աշխատանքներ, միանշանակ, կատարվում է»,- նշեց նա:

Ս. Ղազարյանի խոսքով, հիմնական խնդիրը վերաբերում է կացարաններին:

Նշենք, որ շուշեցիները հավաքվել են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ, ուզում են իմանալ, հասկանալ իրենց հետագա անելիքները:

Շուշեցի Ն. Գրիգորյանն ասաց, որ մարդիկ կան հյուրանոցում են ապում, հիմա պետք է ազատեն հյուրանոցները, խնդրել են ներկայացուցչին բնակիչների այդ խնդրով զբաղվել:

Նա նշեց, ինքը չի գնում Ստեփանակերտ, քանի որ անվտանգությունն ապահովված չէ, կան չպայթած ռումբեր: Նա խորհուրդ է տալիս  վերադառնալ Ստեփանակերտ ականազերծման աշխատանքների ավարտից հետո:

Նաիրի Գրիգորյանը պատմեց, որ նոյեմբերի 2-ին է դուրս եկել Շուշիից, երբ թշնամին սկսել է օգտագործել ոչ թույլատրելի զենքեր:

Նրա ներկայացմամբ, Շուշիիում 4000 մարդ էր ապրում: Ն. Գրիգորյանն ասաց, որ տեղեկություն չունի, թե որտեղ են վերաբնակվելու շուշեցիները: Ըստ նրա, որոշ մասի բնակարանային խնդիրը լուծվել է Ստեփանակերտում, Հայաստանում: 

«Հնարավորության դեպքում վերադառնալու եմ իմ հայրենիք: Թեկուզ ավերել են Շուշին, հետո վերադաձնեն, էլի գնալու ենք, վերակառուցենք ու ապրենք մեր քաղաքում»,-  ասաց նա:

Placeholder