Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը և Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում ռազմական գործողությունների դադարեցումը՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, որոնք նախատեսված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ինչպես նաև կատարել հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց նախորդ պարտավորությունները:
Համանախագահ երկրները կարևորում են Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի և Հայաստանի հետ համաձայնեցված միջոցառումների նշանակությունը՝ ռազմական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար: Նրանք նաև կոչ են անում տարածաշրջանից ամբողջական և արագ դուրս բերել օտարերկրյա վարձկաններին և կոչ են անում բոլոր կողմերին՝ հեշտացնել այս հեռացումը:
Համանախագահ երկրները հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները կատարելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման և դիակների վերադարձի հետ կապված: Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված մարդկանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանների երաշխավորման կարևորությունը, այդ թվում՝ վերջին ռազմական գործողությունների ընթացքում:
Նրանք ընդգծում են պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում: Համանախագահ երկրները կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին՝ լիարժեք համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ` այդ ոլորտներում իրենց պարտավորությունները կատարելու և մարդասիրական հասանելիություն ապահովելու համար:
Համանախագահ երկրները դիմում են միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի ինստիտուտներին և այլ համապատասխան կառույցներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին երկրներին՝ համակարգված կերպով ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մարդասիրական իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Համանախագահները նաև վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (PRCiO) և նրա թիմի շարունակական աշխատանքին:
Համանախագահ երկրները հորդորում են Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից՝ համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարելու երկարատև և կայուն խաղաղության վերաբերյալ: Այդ համատեքստում համանախագահ երկրները հորդորում են կողմերին հնարավորինս շուտ ընդունել տարածաշրջանում համանախագահներին և պարտավորվել առարկայական բանակցություններ վարել բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար՝ համաձայնեցված ժամանակացույցով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հիշեցնում են իրենց վճռականությունը՝ վեճերը լուծելու համար ուժի չկիրառման կամ սպառնալիքի նկատմամբ: Նրանք կրկնում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ հակամարտության մնացած բոլոր հիմնական առարկայական հիմնախնդիրների բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման՝ համահունչ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին հայտնի հիմնարար սկզբունքներին և տարրերին:
Համանախագահ երկրները շարունակում են լիովին հավատարիմ մնալ այդ նպատակին հետամուտ լինելուն՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման իրենց երկարամյա ջանքերին: