Օրենքը 100 %-ով չի ապահովում բուհական ինքնավարությունը, բայց մի քանի քայլ առաջ է տանում. Ռոբերտ Սուքիասյան
Կրթություն, գիտություն
13:10 09/12/2020
Հայաստան

Օրենքը 100 %-ով չի ապահովում բուհական ինքնավարությունը, բայց մի քանի քայլ առաջ է տանում. Ռոբերտ Սուքիասյան

«Շրջանառվող այն թեզը, թե «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապշտապ է ուղարկվել Ազգային ժողով, փոքր ինչ զարմանալի է: Առնվազն այս վերջին տարիներին մշտապես քննարկվել են այդ հարցերը»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:

Ըստ նրա, ինչ-որ տեղ նաև ուշացած օրենք է՝ նկատի ունենալով համակարգի առջև կանգնած խնդիրների լուծման տեսանկյունից: Ս. Կարաբեկյանն ասաց, երբ դեռ ամռանը փաթեթը պատրաստել ու ներկայացրել էին կառավարությանը, խնդրանք էլ կար, որ այն քննարկվի արագացված կարգով:

Հարցին, թե կարծիքներ են հնչել, որ այս օրենքի ընդունմամբ բուհերը կորցում են ակադեմիական ինքնավարությունը, նախարարի խորհրդականն ասաց. «Դուք ասում եք ակադեմիական ինքնավարություն: Բուհական գիտական համակարգում գործում ենք երկու հիմնական հասկացություններով՝ ինստիտուցիոնալ կամ բուհական ինքնավարություն և ակադեմիական ազատություններ: Այդ երկուսը շատ մոտ, փոխկապակցված հասկացություններ են, բայց տարբեր:

Նույնիսկ հիմա, ներկա օրենսդրական կարգավորումների տեսանկյունից, մեր բուհերը բավարար ինքնավար են: Շատ գործառույթներ տրված են բուհերին, այլ բան է, թե որքանով են օգտագործում այդ գործառույթները, բայց նույնը չենք կարող ասել ակադեմիական ազատությունների մասին: Գիտական հաստատությունը որպես ինստիտուտ, այո, բավականաչափ ինքնավար է, սակայն մենք չենք տեսնում այդ ինքնավարության տարածումը հաստատությունների ներսում:

Պարզագույն օրինակ բերեմ. դեռևս աշխատում ենք ուսումնական պլաններով, որոնք բավական կոշտ են, ներսում կա բավական բյուրոկրտական գործընթացներ դրանք փոփոխելու վերաբերյալ, ճկուն չեն, անմիջադես անդրադառնում են ակադեմիական ազատության իրացման վրա»:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ասաց, երբ խոսում են բուհական ինքնավարության մասին, մի քանի ցուցիչով է դա գնահատվում, պետությունը որդեգրել է, որ աստիճանաբար պետք է ընդլայնվի բուհերի ինքնավարությունը, յուրաքանչյուր ժամանակահատվածում առաջ են գալիս տվյալ կետի առաջնահերթությունը:

«Եթե հարցադրում անեք՝ արդյոք օրենքն ամբողջությամբ ապահովում է բարձրագույն ուսումնական հասատատություների ինքնավարությունը, կասեմ՝ ոչ, 100 տոկոս չի ապահովում, բայց եթե համեմատենք գործող օրենքի հետ, կան մի շարք դրույթներ, որոնք մի քանի քայլ առաջ են տանում բուհական ինքնավարությունը»,- նշեց Ռ.Սուքիասյանը:

Հարցին՝ ռեկտորի նշանակման հարցում փորձագետները բարձրաձայնում են, որ  բուհերն այսպիսով կարող են քաղաքականացվել, քաղաքական վերահսկողության տակ պահվել, Ռոբերտ Սուքիասյանը նախ ասաց, որ նպատակ ունեն, քննարկումներ են ընթանում բուհերի կոնսոլիդացման հարցով:

«Միջանկյալ փուլում դա արդյունավետ կազմակերպման առումով ավելի նպատակահարմար է, որպեսզի այդտեղ գործադիր մարմինը նշանակվի, կարողանա արդյունավետորեն կազմակերպի այն խնդիրները, որոնք իր առջև դրված կլինեն: Այստեղ կան տարբեր կարծիքներ:  Քննարկումները շարունակվում են, կգտնենք համատեղ լավագույն լուծումը»,- նշեց նա: 

Ըստ Ռ.Սուքիասյանի, այդ օրենքի նախագծով ամեն ինչ արված է, հանած միջանկյալ հատվածը, որպեսզի կանխեն այսպես ասած քաղաքական ազդեցությունը:

Հարցին՝ ինչո՞ւ է որոշվել ռեկտորի պաշտոնակատարին տալ մինչև 5 տարվա լիազորություն, ոչ, ասենք, մեկ տարվա, Սամվել Կարաբեկյանը պատասխանեց, որ մինչև 5 տարի է, քանի որ կախված է իրականացվող ռեֆորմի տեմպից, արդյունքներից. «Եթե այն աստիճան համակարգը, բարեփոխումները սկսեն աշխատել ու այդ փուլը երկու-երեք տարի անց ավարտվի, ուժը կորցրած կճանաչվի ու կմտնի հիմնական կարգավորումը»:

Ռոբերտ Սուքիասյանն ասաց, որ եթե այս նախագիծն առկա ձևակերպումներով օրենք դառնա, պետության կողմից աջակցություն ստացող ուսանողների թիվը պետք է որ ընդլայնվի: Հստակ կան առաջադիմության, կարիքների վրա հենված կրթաթոշակներ:

Placeholder