Լավրով. Ղարաբաղում կարգավորումը չի շրջանցել Իրանի շահերը
Քաղաքական
13:21 12/12/2020
Աշխարհ

Լավրով. Ղարաբաղում կարգավորումը չի շրջանցել Իրանի շահերը

Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի շրջանցել Իրանի շահերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին տված հարցազրույցում:

Լավրովը բացատրել է, որ հակամարտության կողմերն իրենք են շահագրգռված եղել Ռուսաստանի միջնորդությանը: «Այստեղ ոչ մի հետին միտք չկա»,- շեշտել է նախարարը:

«Հիմա մենք չպետք է մտածենք այն մասին, թե ով, երբ, կարողացավ կամ չկարողացավ օգնել կարգավորման գործընթացին: Կրկին շեշտեմ, որ ձևաչափի ընտրությունը եղել է Հայաստանինը և Ադրբեջանինը: Հենց սրանով է և ուրիշ ոչ մի այլ հանգամանք չի եղել եռակողմ հայտարարության մասնակիցների կազմը որոշելու համար: Դա չի արվել ո՛չ Իրանի, ո՛չ էլ Թուրքիայի հաշվին»,-շարունակել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ երբ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում որպես կարգավորման հաջող օրինակ նշվում է Աստանայի ձևաչափը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա)՝ խոսքը դրանում ներգրավված երկրների մասին չէ:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ երբ երկրները, որոնք կարող են ազդել իրավիճակի վրա, որը գտնվում է որոշակի ճգնաժամային տարածաշրջանում (նույնիսկ եթե նրանք տարբեր՝ ոչ ամբողջովին համընկնող մոտեցումներ ունեն), և միավորում են իրենց ջանքերը ու որոշում օգնել հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը, սա է «Աստանայի ձևաչափի» արժեքը»,- ասել է նա:

Լավրովը հավելել է, որ Իրանի շահերն այս դեպքում ընդհանրապես անտեսված չեն, և Մոսկվան հասկանում է Թեհրանի մտահոգությունը, թե ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ազդելու Իրանի տարանցիկ շահերի վրա, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն ԱՄՆ պատժամիջոցների համատեքստում:

«Անհնար է հրաժարվել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքից, որը երկար տարիներ ընդունվել է բոլորի կողմից, այն է՝ հակամարտության լուծումը պետք է լինի ամբողջ տարածաշրջանի հարաբերությունների կարգավորումը»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով, Լեռնային Ղhարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը համընկնոմ է հակամարտության թեժ պահին հնչած իրանական նախաձեռնության հետ, որը նույնպես  առաջարկում էր տարածաշրջանային մոտեցում:

Ըստ Լավրովի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ արտահայտել էր նման տեսակետ՝ կենտրոնանալով տարածաշրջանային համագործակցության վրա, որը նշել էր Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի և նրանց երեք հարևանների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը:

«Սա դիտարկում է, որը ընկած է մակերեսին: Մենք բոլորս ապրում ենք կողք կողքի, և այժմ, երբ Անդրկովկասի երկրների միջև խնդիրները հաղթահարվում են, մենք, որպես հարևաններ, պետք է օգնենք այս գործընթացին»,- եզրափակել է նախարարը:
 

Placeholder
Լավրով. Ղարաբաղում կարգավորումը չի շրջանցել Իրանի շահերը