Հայաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել
Օրվա թեմա
12:53 14/12/2020
Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից հղի կին է մահացել։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշեց, որ 40-ամյա կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

«Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Այդ ընթացքում Առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ` երկրի առաջատար մասնագետների ներգրավմամբ, սակայն, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումներին, կնոջ վիճակը շարունակել է վատանալ»,- նշեց նա։

Ալինա Նիկողոսյանի խոսքով, դեկտեմբերի 11-ին արձանագրվել է պտղի մահ, որի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել է ծննդալուծում` կեսարյան հատման միջոցով։ Այդ ընթացքում կնոջ մոտ արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին։

«Դեկտեմբերի 13-ին վերջինիս վիճակը կտրուկ վատացել է, և չնայած ողջ ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին՝ արձանագրվել է կենսաբանական մահ»,- նշեց նա։ 

Նշենք, որ սա ՀՀ-ում երկրորդ դեպքն է, երբ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով հղի կին է մահացել։

«Միչև այս ևս մեկ դեպք է գրանցվել, երբ կորոնավիրուսային հիվանդությունից հղի կին է մահացել»,- ասաց Ալինա Նիկողոսյանը։

Placeholder
Հայաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել