Մենք չափից ավելի զգույշ ենք ուզում լինել հատկապես ֆինանսական շուկայում. Վահագն Խաչատրյան
Տնտեսություն
12:41 17/12/2020
Հայաստան

Մենք չափից ավելի զգույշ ենք ուզում լինել հատկապես ֆինանսական շուկայում. Վահագն Խաչատրյան

«Երկրում 180 աստիճան ամեն ինչ փոխվել է: Սրա գիտակցությունը պետք է բերի նրան, որ երկրի զարգացման հեռանկարների առումով քաղաքականությունը պետք է փոխվի»,-«Դրամի արժեզրկումը և տնտեսական դաշտի խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ըստ նրա, իշխանության ներկայացուցիչները գիտակցում են, ուղղակի թե ինչ պետք է անել, սա է խնդիրը: 

Տնտեսագետն ասաց, որ արժույթի արժեզրկման համաշխարհային տենդենց կար, դրան էլ ավելացան ներքին գործոնները՝ տնտեսական աճի բացակայություն, պետական բյուջեի մուտքերի խնդիրներ, ներդրումների պակաս, կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներ:

«Այլ բան է, թե ինչպես է արձագանքում Կենտրոնական բանկը: Այն քաղաքականությունը, որ տարվել է տարիներ շարունակ՝ ցածր ինֆլյացիա, կայուն կուրս, իրեն չէր կարող արդարացնել, քանի որ խանգարում էր երկրում  տնտեսական աճին:

Մենք չափից ավելի զգույշ ենք ուզում լինել հատկապես ֆինանսական շուկայում: Երևի այն եզակի տեղն է, որ դեռևս կանոնակարգվում է, ինչ որ որոշակի տրամաբանության մեջ է աշխատում,  որովհետև մնացած բնագավառներում այլևս տրամաբանություն չունենք»,- նշեց Վ.Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով, անորոշությունները, որոնց պատասխաններ չեն տրվում, նոր անորոշությունների պատճառ են դառնում:

«Սա է պատճառը, որ խնդիրներ կան արտարժութի շուկայում, տնտեսական կյանքում: Լրջագույն պրոբլեմ է  նաև ներդրումների հետ կապված վիճակը: Չգիտեմ՝ այդ սպասելիքները եկող տարի ինչքան են արդարանալու  կամ իրականանալու, կապված է լինելու պատերազմով, տարածաշրջաային խնդիրներով»,- ասաց Վ.Խաչատրյանը: 

Placeholder