Պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Եռաբլուրի մուտքը փակված էր պետության ղեկավարի առջև. Ռուբեն Մելիքյան
Քաղաքական
18:10 19/12/2020
Հայաստան

Պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Եռաբլուրի մուտքը փակված էր պետության ղեկավարի առջև. Ռուբեն Մելիքյան

«Քաղաքական ակցիա էր, ակնհայտ էր՝ նպատակ էր հետապնդում ցույց տալ, որ Փաշինյանը վայելում է  մեծ թվով մարդկանց վստահությունը»,- լրագրողներին ասաց  «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն երթին։

Հիշեցնենք, որ Եռաբլուրում հավաքված էին մեծ թվով ազատամարտիկներ, զոհված զինծառայողների հարազատներ, նրանք պատ էին կազմել, որպեսզի  թույլ չտային Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Սակայն ոստիկաններին հաջողվել էր ճեղքել  պատն ու ճանապարհ բացել Փաշինյանի համար։

«Այստեղ կարևորն այն էր, որ ունեինք իրավիճակ, երբ սգավոր կանանց, ազատամարտիկներին կոշտ ձևով հրմշտում էին։ Ես չտեսա, որ բախում լիներ բառիս բուն իմաստով, այսինքն՝ հարվածներ, կարծես թե, չեղան, չեմ նկատել դա։ Բայց շատ կոշտ ձևով, հրմշտելով մարդկանց, հանեցին, որպեսզի Փաշինյանի համար, ընդ որում պաշտպանության ամենաբարձր մակարդակն օգտագործելով, տարբեր զրահապատ միջոցներ գլխին դնելով և այլն, ճանապարհ բացեին, միայն այդ գնով վարչապետի աթոռը  զբաղեցնող անձը կարողացավ հասնել Եռաբլուր»,- ասաց Ռ.Մելիքյանը։

Նրա խոսքով, շատ ակնհայտ էր՝ երթի մասնակից քաղաքացիների մեծ մասը մարզերից էին բերվել, խոսում էին բարբառով ու լավ չէին պատկերացնում, թե  ինչ է կատարվել Արցախյան պատերազմի ընթացքում, շատերը գտնվում էին պաշտոնական քարոզչության, ազդեցության տակ։ 

«Մի մասի հետ շփվեցի, որոնք հայտնվել էին Եռաբլուրում ոչ թե սգալու համար, այլ որոշակի որպես Փաշինյանի ժողովուրդ ներկայացվելու համար»,- նշեց իրավապաշտպանը։

Նա ասաց, որ, ակնհայտորեն, իշխանությունը գնում էր բախումների։

«Փաշինյանն, ակնհայտ է, այսօր չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Միաժամանակ ցանկացած իշխանություն, անգամ այսպիսի խայտառակ ճանապարհ անցած, կարող է 10-15 հազար մարդ հավաքել վարչական ռեսուրսով, օլիգարխիայի շնորհիվ։

Փաստն այն է, որ մեր պատմության մեջ առաջին դեպքն ունեցանք, երբ Եռաբլուրի մուտքը փակված էր պետության ղեկավարի առջև, ստիպված եղավ տրորելով անցնել այն մարդկանց, որոնք երեխա են տվել մեր հայրենիքին, կռվել են մեր հայրենիքի համար»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Placeholder
Պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Եռաբլուրի մուտքը փակված էր պետության ղեկավարի առջև. Ռուբեն Մելիքյան